Լիճքում հանքավայր շահագործելու նպատակով մարտի 29-ին ժամը 15։00-ին Մեղրիի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի է ունենալու «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված Լիճքի պղնձի հանքավայրում օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքների վերաբերյալ հանրային քննարկում (1-ին փուլ): Այս մասին տեղեկանում ենք Լիճքի ֆեյսբուքյան էջից։
«Հանքավայրը տեղակայված լինելով երկու՝ Մեղրի և Այրիջուր (Զվարագետ) գետերի մեջտեղում, լուրջ վտանգ է սպառնում ինչպես Մեղրի քաղաքի խմելու ջրի, այնպես էլ այգեգործական նպատակներով օգտագործվող ջրային պաշարների համար: Հանքավայրը գտնվում է Բողաքար արգելավայրից ուղիղ գծով մինչև 100 մ, իսկ Արևիկ ազգային պարկից՝ 800մ հեռավորության վրա։
2018թ.-ին Լիճքի հանքավայրը շահագործող Թաթսթոուն ՍՊԸ-ն մեղրեցիների կողմից հանքավայրի շահագործման դեմ հավաքված 4000 ստորագրությունների, ինչպես նաև վարչապետ Ն. Փաշինյանի՝ մետաղական հանքերում ստուգումներ կատարելու հրահանգից անմիջապես հետո ամբողջ տեխնիկայով պարզապես անհետացավ Լիճքից, իսկ 2021թ.-ին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանով դադարեցվեց հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքը: Մեղրեցիների մեծ մասին հայտնի է, թե ինչպես էր բացվել հանքավայրը, նրանք, ովքեր տեղյակ չեն կարող են դիտել «Ինչ է թաքնված Լիճքի հանքի հետևում» տեսանյութը: Ընդամենը կես տարվա ընթացքում Լիճքի կուսական բնությունը դարձավ այն, ինչ տեսնում եք լուսանկարի մեջ. պատկերացրեք եթե շարունակվեր մինչև հանքի շահագործման վերջնաժամկետը՝ 2028թ.-ը. մեկ մեծ՝ մինչև ընդերքը հասնող կլոր ծակ, իսկ շրջակայքը ընդհուպ մինչև գյուղ լցված լցակույտ, երկու բառով՝ մեռյալ գոտի»,- մասնավորապես նշված է գրառման մեջ:
Banksnews.am-ը դիմեց Շրջակա միջավայրի նախարարությանը տեղեկության վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար։ Նախարարությունից խոստացան պատասխանել, սակայն դրանից հետո այդպես էլ արձագանք չստացանք։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում