Սննդի անվտանգության համաթիվը. ո՞ր երկրներն են առաջատար

3 Min Read

Վերջին օրերին մեր հանրությունն ակտիվ քննարկում է կաթնամթերքի մի շարք արտադրատեսակների լաբորատոր քննության արդյունքները։ Իրապես արդյունքները շատ շատերին զարմացրին ու հիասթափեցրին։ Բավականին առողջ արձագանքեցին նաև կաթնամթերք արտադրողները։

ՈՒտե՞լ, թե չուտել. կաթնաշոռ գնելուց առաջ պետք է լավ մտածել

Այդուհանդերձ, այս իրադարձությունները ևս մեկ անգամ հանրության ուշադրությունը սևեռեցին սննդի անվտանգության խնդիրներին, որը խոցելի է ոչ միայն Հայաստանում, այլ նաև միջազգային մակադրակում։ Աշխարհում հաշվարկում են սննդի անվտանգության համաթիվը, որի ցուցակում առկա են 113 երկրներ։ Ցավոք, բացակայում են Հայաստանի, Վրաստանի, Ղրղզստանի, Իրանի և մի շարք այլ երկրների արդյունքներ։ Հուսանք, որ հետագայում այս ցուցանիշը նաև կհաշվարկվի նաև մեր երկրի մասով։

Երկրների սննդի անվտանգության համաթիվը հաշվարկելիս հաշվի է առնվում 4 կարևոր բաղադրիչ՝ մատչելիություն, առկայություն, որակ և անվտանգություն, կայունություն և հարմարվողականություն։

  • Առաջին բաղադրիչ. Չափում է սպառողների ՝ սննդամթերք ձեռք բերելու ունակությունը, գների ցնցումների նկատմամբ նրանց խոցելիությունը և ցնցումների դեպքում սպառողներին աջակցելու ծրագրերի և քաղաքականության առկայությունը:
  • Երկրորդ բաղադրիչ. Չափում է գյուղատնտեսական արտադրությունը և ֆերմերային հնարավորությունները, մատակարարման խափանումների ռիսկը, սննդի բաշխման ազգային ներուժը և գյուղատնտեսական արտադրությունն ընդլայնելու հետազոտական ջանքերը:
  • Երրորդ բաղադիչ.  Չափում է սովորական սննդակարգերի բազմազանությունն ու սննդային հատկությունները, ինչպես նաև սննդի անվտանգությունը:
  • Չորրորդ բաղադրիչ. գնահատում է երկրի ազդեցությունը կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ. նրա զգայունությունը բնական ռեսուրսների հետ կապված ռիսկերի նկատմամբ. և ինչպես է երկիրը հարմարվում այդ ռիսկերին:

Հիմք ընդունելով վերն ասվածը՝ արձանագրենք, որ 2023թ-ի դրությամբ սննդի անվտանգության ընդհանուր համաթվով առաջին հորիզոնականներ գրաված երկրները հետևյալն են․

Գծապատկեր 1․ Սննդի անվտանգության համաթվով առաջին երեք հորզոնականները գրաված երկրները 2022թ-ի դրությամբ

Առաջին տեղում է Ֆինլանդիան, որը 2022թ-ի դրությամբ սննդի անվտանգության համաթվի մասով հավաքել է 83,7 բալ։
Սննդի անվտանգության բարձր մակարդակ է արձանագրվել Իռլանիդայում, որտեղ սննդի անվտանգության համաթիվը կազմել է 81,7 բալ։
Երրորդ հորիզոնականում է գտնվում Նորվեգիան՝ 80,5 բալ ցուցանիշով։ Այս մասով փաստում ենք, որ առաջին երեք հորիզոնական գրաված երկրները բարձր եկամուտ ունեցող պետություններն են։

Հաջորդ գծապատկերի օգնությամբ բացահայտենք սննդի անվտանգության 4 բաղադրիչների մասով առաջին հորիզոնականներ զբաղեցրած երկրները․

Գծապատկեր 2․ Սննդի անվտանգության 4 բաղադրիչների մասով առաջին հորիզոնականները գրաված երկրները 2022թ-ի դրությամբ

Մատչելիության ցուցանիշով առաջին հորիզոնականում է հայտնվել Ավստրալիան՝ 93,3 բալ ցուցանիշով։
Առկայության ցուցանիշով առաջատար է Ճապոնիան՝ 81,2 բալ ցուցանիշով։ Որակ և անվտանգություն ցուցանիշն ամենաբարձրը Կանադայում է՝ 89,5 բալ։ Կայունություն և հարմարվողականություն ցուցանիշով առաջատար երկիր է Նորվեգիան՝ 87,4 բալ մակարդակով։

Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի մասով հաշվարկներ չկան, հետաքրքիր է պարզել պատկերը՝ մեզ հարևան և գործընկեր երկրներում․

Գծապատկեր 3․ Սննդի անվտանգության համաթիվը Հայաստանի հարևան և գործընկեր մի շարք երկրներում 2022թ-ի դրությամբ

Համեմատության մեջ դիտարկելիս նկատում ենք, որ առաջատար է Ղազախստանը, որը վաստակել է 72,1 բալ և զբաղեցրել 32-րդ հորիզոնականը։
ՌԴ-ն և Թուրքիան զբաղեցրել են համապատասխանաբար 43-րդ (69.1 բալ) և 49-րդ (65.3 բալ) հորիզոնականները։ Բելառուսը և Ադրբեջանը զբաղեցրել են 55-րդ և 66-րդ հորիզոնականները։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով