Միջազգային հանրությունն արդեն մի քանի օր է` հետևում է ռուս-չինական սիրո դրսևորումներին բարձր մակարդակով: Ռուսական լրատվական դաշտն ամենայն մանրամասնությամբ նկարագրում էր ՉԺՀ-ի ղեկավարի ամեն քայլը: Կողքից հետևողների համար նույնիսկ տհաճ կարող էր թվալ սովորական մահկանացուի վրա ուշադրության այս աստիճան սևեռումը:
Ռուսները մանրակրկիտ վերլուծության էին ենթարկում նախագահ Սի Ծինփինի ժպիտը, աչքերը թարթելը, շուրթերի շարժը, նստելը, ուտելը և այլն: Ռուսներն ամեն կերպ փորձում էին ցույց տալ, որ Սի Ծինփինը Վ. Վ. Պուտինի օրագրում գերազանց գնահատական է նշանակել:
Արդյո՞ք Չինաստանը ՌԴ-ին գերազանց է նշանակել: Կարծում ենք այո, քանի որ Չինաստանին հաջողվել է ՌԴ-ին վերածել իր հումքային կցորդը:
Ռուսաստանից ռեկորդային ծավալի դրամական փոխանցումներ են կատարվել հարևան երկրներ
Ցավալին այն է, որ անհեռատես արտաքին քաղաքականությունը զրկել է ՌԴ-ին հնարավոր այլընտրանքներից և ամբողջությամբ երկիրը գցել է չինական ազդեցության տակ: Պուտինը ներկայացնում է ռուս-չինական հարաբերությունների ներկայիս մակարդակը որպես հավասար և ռազմավարական, սակայն դա այդքան էլ այդպես չէ:
Ինչպես դաշնակցային և հավասար հարաբերություններ չկան ՌԴ-ի և Հայաստանի միջև, այնպես էլ ռուս-չինական հարաբերությունները չեն հասնում ներկայացվող մակարդակին:
Դրա մասին են փաստում վիճակագրական տվյալները.
Գծապատկեր 1. ՌԴ-Չինաստան առևտուրը 2022թ-ին
Ինչպես ցույց են տալիս վիճակագրական տվյալները, 2022թ-ին ՌԴ-ից Չինաստան է արտահանվել $114 մլրդ-ի, իսկ Չինաստանից Ռուսաստան է արտահանվել $76 մլրդ-ի ապրանք: Նկատենք, որ ՌԴ-ից արտահանումը 2021թ-ի համեմատ աճել է 43.4%-ով, իսկ Չինաստանից ՌԴ՝ 12.8%-ով:
Փաստորեն, ստացվում է, որ ՌԴ-ն Չինաստանին ավելին է տվել, քան կարողացել է ստանալ: Այս քաղաքականության արդյունքում Չինաստանը փաստացի ապահովում է ՌԴ ներմուծման 40%-ը: Արդյունքում ստացվում է, որ ՌԴ-ն զգալի կախվածության մեջ է ընկել Չինաստանից: Այս մասով ՌԴ-ն զիջում է միայն Հս. Կորեային:
Կարևոր նշանակություն ունի նաև վերլուծել, թե ինչ է արտահանել ՌԴ-ն Չինաստան և հակառակը.
Գծապատկեր 2. ՌԴ-ից Չինաստան և Չինաստանից-ՌԴ հիմնական ապրանքների արտահանումը
Ինչպես ցույց են տալիս տվյալները, ՌԴ-ն Չինաստան է արտահանել ռեկորդային ծավալների նավթ, գազ և ոսկի: Փաստացի, հումքը հանել են ընդերքից և սկուտեղի վրա մատուցել մեծ եղբայր Չինաստանին: Հակառակ կողմում, ռուսական շուկան ողողել են չինական թեթև մեքենաները: Ռուսները ուրախացել են, որ օրինակ գերմանական մեքենաները փոխարինել են չինականով՝ զրկելով սեփական սպառողներին ընտրության հնարավորությունից: Ռուսական շուկան ողողվել է չինական սմարթֆոններով: Չինաստանը ուղարկում է ՌԴ արևային վահանակներ, որոնց ծավալները էական նվազել են: Ռուսաստանը և Չինաստանը նաև արձանագրել են գյուղատնտեսական ապրանքների առևտրի հսկայական ծավալներ, որը 2022թ-ի վերջն 10 ամիսների կտրվածքով հասնում են մոտ $7 մլրդ:
Ամփոփելով իրականացված վերլուծությունը` պետք է խորհուրդ տանք մեզ բարեկամ երկրին՝ ՌԴ-ին, վարել առավել իրատեսական արտաքին քաղաքականություն, որը ենթադրում է ուկրաինական ճգնաժամի շուտափույթ կարգավորում, դաշնակից Հայաստանին ամբողջական աջակցություն՝ թուրքական ահաբեկչության դեմ և Արևուտք-Արևելք հարաբերությունների ամրապնդման քաղաքականություն:
Եվ վերջում հավելենք, որ ԱՄՆ-ն, լինելով միջուկային գերտերություն, կարող էր կիրառել իր մահաբեր զենքը` Վիետնամում հաղթանակ ապահովելու համար, սակայն չարեց դա, նույնիսկ, ավելին, պարտվեց Վիետնամին:
Ռուսաստանի պարագայում գործ ունենք ուկրաինացիների հետ, ովքեր շատ ավելի մոտ են ռուսներին, կարելի է ասել եղբայրական ժողովուրդ են: Արդյո՞ք այս պարագայում ՌԴ-ն, որը ևս միջուկային տերություն է, պատրաստ է հանուն հաղթանակի կիրառել միջուկային զենք: Կարծում ենք`ոչ. ՌԴ-ն շատ ավելի բարձր մակարդակի մշակույթ և մտածողություն ունեցող պետություն է, որը, վերջիվերջո, ճիշտ ընտրություն է կատարելու:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում