Մարտի 22-ին իրենց մասնագիտական տոն են նշում տաքսիստները: Դեռևս 1907թ-նն էր, երբ Լոնդոնում հայտնվեցին մեքենաներ, որոնք զինված էին հաշվիչներով՝ տաքսիմետրերով: Այդ ժամանակներից ի վեր այս մեքենաներին անվանեցին տաքսիներ, իսկ նրանց վարորդներին՝ տաքսիստներ:
Այս մասնագիտության տեր մարդիկ սովորաբար ունենում են շատ յուրօրինակ աշխարհայացք, որոնցով մեծ հաճույքով կիսվում են հաճախորդների հետ: Կարծում ենք, որ հայաստանյան տաքսիստները տարբերվում են աշխարհի բոլոր տաքսիստներից: Հայաստանում տաքսիստներ են աշխատում տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ: Շատ է պատահում, երբ պարզվում է, որ տաքսիստը բարձրագույն կրթություն ունի, սակայն որոշել է գումար վաստակել նաև տաքսի վարելով: Պատահում են տաքսիստներ, որոնք ընդհանրապես որևէ կրթություն չունեն, սակայն իրենց գործը կատարում են չափազանց գրագետ:
Շնորհավորելով մեր տաքսիստներին իրենց մասնագիտական տոնի առթիվ` փորձենք անդրադառնալ տաքսիներով երթևեկող մեր քաղաքակացիների թվաքանակին.
Գծապատկեր 1. Տաքսիների միջոցով իրականացված ուղևորափոխադրումների ծավալը 2022թ-ի և 2023թ-ի հունվարի դրությամբ
Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2023թ-ի հունվարին տաքսիները տեղափոխել են 113,7 հազ. մարդ: Վերջինս, ցավոք, 2022թ-ի հունվարի և դեկտեմբերի համեմատ նվազել է համապատասխանաբար 10.5%-ով և 23%-ով: Ավելին, 2022թ-ին տաքսիները տեղափոխել են 1,571,200 ուղևոր, որը 2021թ-ի համեմատ նվազել է շուրջ 22%-ով: Նկատենք, որ ներկայացված ցուցանիշը ներառում է միայն իրավաբանական անձանց կողմից մատուցած տաքսու ծառայությունների ծավալը:
Մյուս կողմից ուսումնասիրենք` ինչպես են փոխվել տաքսիներով և վարորդով վարձակալված մեքենաներով մատուցված մարդատար տրանսպորտի ծառայությունների գները.
Գծապատկեր 2. Տաքսիներով և վարորդով վարձակալված մեքենաներով մատուցված մարդատար տրանսպորտի ծառայությունների գների փոփոխությունը 2022թ-ի և 2023թ-ի տվյալ ամիսներին` նախորդ տարվա նույն ամիսների համեմատ
Գծապատկեր 2-ից տեղեկանում ենք, որ դեռևս 2022թ-ի մարտ-հոկտեմբեր ժամանակահատվածում մատուցված ծառայությունների գների աճը միջինում կազմել է 13.4%: Նկատվում է նաև, որ 2023թ-ի հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ ծառայությունների գներն աճել են 9.4%-ով, իսկ 2023թ-ի փետրվարին նախորդ տարվա փետրվարի համեմատ՝ 9.1%-ով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում