AMX-ը ֆինանսական շուկայի մասնակիցների համար գործարկել է AMXTrader նոր առևտրային համակարգը

2 Min Read

Սույն թվականի մարտի 20-ից AMX-ը ֆինանսական շուկայի մասնակիցների
համար գործարկեց նոր առևտրային համակարգ՝ AMXTrader, որը նոր տեսակի բորսայական
պրոդուկտների ու գործիքների զարգացման և ներդրման հնարավորություն է տալիս ֆինանսական
շուկայի մասնակիցներին: Այն լրացուցիչ ճկունություն է հաղորդում շուկայի մասնակիցներին՝ թույլ
տալով մեկ միասնական հարթակում իրականացնել մի շարք գործառույթներ:

Համակարգը գործարկվել է մասնակիցների կողմից թեսթավորումների մի քանի փուլեր անցնելուց հետո
միայն, և այժմ այն վերջնական փոխարինում է հին՝ RTS-Armex Plaza համակարգին:
Նոր համակարգում հայտերի հիմքում է լինելու ոչ թե եկամտաբերությունը, այլ գինը՝ համապատասխան
միջազգային ստանդարտների։ Տարբեր մոդուլների շնորհիվ համակարգը հնարավորություն է տալիս
առանձնացնելու ռեպո, հասցեական և երկկողմանի աճուրդով կնքվելիք հայտերն ու գործարքները։
Առաջարկված է տեղեկատվության ֆիլտրացիայի հարմարավետ համակարգ՝ անհրաժեշտ հայտերն ու
գործարքներն արագ գտնելու և մշակելու համար։ AMXTrader-ն ունի հետադարձ կապի պատուհան,
որի միջոցով մասնակիցները կարող են ինֆորմացիա ստանալ համակարգում տեղի ունեցող
գործողությունների վերաբերյալ։

AMXTrader-ը իր նորարական լուծումներով մատչելի և արդյունավետ գործիք է Բորսայի
անդամների, հովանավորվող հաճախորդների և ֆինանսական շուկայի այլ մասնակիցների համար։
Առաջին անգամ ֆիզիկական անձինք նույնպես կարող են գործարքներ կնքել անմիջապես Բորսայի
հարթակներում։ AMXTrader համակարգը մեկ ամբողջական փաթեթով հնարավորություն է ընձեռում
կատարել բորսայական գործարքներ թե՛ առաջնային, թե՛ երկրորդային շուկաներում։
AMXTrader համակարգը մասնակիցներին տալիս է հետևյալ առավելություններն ու
հնարավորությունները՝

  •  Ունենալ մեկ միասնական համակարգ արտարժույթի առևտրի, պետական ու կորպորատիվ
    արժեթղթերի առաջնային և երկրորդային շուկաներում ինչպես աճուրդների, այնպես էլ
    առևտրի կազմակերպման համար։
  • Նոր տեսակի բորսայական պրոդուկտների ու գործիքների զարգացման և ներդրման
    հնարավորություն։
  •  Բորսայի անդամների հաճախորդների առևտրային համակարգին ուղղակի միանալու, հայտեր
    ներկայացնելու ու գործարքներ կնքելու հնարավորություն։
  • Ինտեգրել նոր հնարավորություններ և ծրագրային հավելվածներ, այդ թվում միջազգային, բորսայական առևտրային համակարգեր:

Նոր առևտրային համակարգին անցումն առավել հեշտ ապահովելու համար կայքում մշտապես
կթարմացվի AMXTrader-ի համար նախատեսված հաճախ տրվող հարցերի էջը:

Անցումը AMXTrader-ին նոր խթան կլինի ոչ միայն ֆինանսական շուկայի ակտիվացման համար, այլ
նաև հնարավորություն կընձեռի հայկական ֆինանսական շուկա բերել և ներդնել ոլորտի առաջատար
լուծումները։ Հայաստանի ֆոնդային բորսան շարունակում է հավատարիմ մնալ իր որդեգրած
քաղաքականությանը, այն է՝ արդիականացնել արժեթղթերի կարգավորվող շուկան, արտարժույթի
բորսայական հարթակները և ֆինանսական շուկայի մասնակիցներին մատուցել նոր ծառայություններ։

Կիսվեք այս հոդվածով