ՀՀ պետական պարտքը դոլարային արտահայտությամբ ավելացել է, դրամայինով՝ նվազել․ որքա՞ն է կազմում այն փետրվարին

1 Min Read

Այս տարվա փետրվարին Հայաստանի պետական պարտքը կազմում է 10 մլրդ 751,7 մլն դոլար։ Այս մասին Banksnews.am-ը տեղեկանում է Ֆինանսների նախարարության հրապարակած տվյալներից։

Դեկտեմբերի համեմատ՝ ՀՀ պետական պարտքն աճել է 114 մլն դոլարով։

Նշենք, որ դրամային արտահայտությամբ, ընդհակառակը, ՀՀ պետական պարտքը նվազում է գրանցել։ Այսպես․ եթե 2022 թվականի դեկտեմբերին ՀՀ պարտքը կազմում էր 4 տրիլիոն 186․7 մլրդ դրամ, փետրվարին այն կազմում է 4 տրիլիոն 183,1 մլրդ դրամ։ Այսպիսով՝ ՀՀ պետական պարտքը տարեսկզբի համեմատ նվազել է շուրջ 3,6 մլրդ դրամով։

ՀՀ պետական պարտքի դոլարային և դրամային արտահայտությամբ այս տարբերությունը պայմանավորված է դեռ նախորդ տարվանից դոլարի փոխարժեքի կտրուկ անկմամբ։

Նշենք, որ վերջերս ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` մարտի 13-ի նիստում հայտնել էր, որ 2022-2026 թվականների ՀՀ Կառավարության պարտքի բեռի նվազեցման ծրագրով նախատեսված էր 2022 թվականին 60,5 %, իսկ 2026 թվականին` 53,8 %, մինչդեռ 2022 թվականի արդյունքներով Կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշն արդեն իսկ նվազել է` 50 %-ից կազմելով 46,75%:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով