Այո բյուջեն աճել է, բայց նախորդ տարիներից ավելի դանդաղ. Բագրատյան

6 Min Read

Տնտեսագիտության դոկտոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն իր ֆեյսբության էջում ներկայացրել է ԱՐՄԱԳԵԴՈՆ շարքի 5-րդ հրապարակումը:

Այս հրապարակման մեջ կանդրադառնամ ՀՀ պետական բյուջեի եկամուտների ու ծախսերի դինամիկային 2018-2022թթ., թվերը համեմատելով նախորդ 3 հնգամյակների թվերի հետ։ Դրանց հիման վրա էլ կարվեն որակական մասնագիտական դատողություններ։ Մինչև վերլուծական մասին անցնելը մի քանի մեթոդաբանական պարզաբանում։
1. Բյուջեն պետության “անվանական աշխատավարձ”-ն է և նրա մեծությանն ու աճի դինամիկային պետք է վերաբերվել նկատի ունենալով գնաճն այնպես, ինչպես դա անում ենք “անվանական” և “իրական” եկամուտները դիտարկելիս։
2. Եթե հաշվետու ժամանակաշրջանում հարկային օրենսդրության էական փոփոխություններ չեն կատարվել, հարկավորման մակարդակը մնացել է նույնը կամ անփոփոխ, ապա հաշվետու ժամանակաշրջանի բյուջեն (կարևոր չէ եկամուտներով, թե՝ ծախսերով) բազիսային ժամանակաշրջանի հետ համեմատելու համար պետք է բյուջեի փաստացի եկամուտները նվազեցնենք գնաճի գործակցով և բաժանենք տնտեսական աճի տեմպի վրա։ Այն ինչ կմնա դրա տակը հարաբերում ենք բյուջեի բազիսային տարվա թվերին։ Ստացված գործակիցը բնորոշում է հարկային մարմինների աշխատանքի արդյունավետությունը։
3. Հաշվետու տարում հարկային օրենսդրության փոփոխությունները պետք է Կառավարության կողմից բյուջեի հաշվետվության ժամանակ հստակ քանական գնահատական ստանան։ Այլապես՜ տարբեր տարիների բյուջեների համեմատությունները դառնում են անիմաստ։


Թոշակների իրական մեծությունը 2018-2022թթ. անկում է ապրել. Բագրատյան

Հիմա անդրադառնանք 2003-2022թթ պետական բյուջեի եկամուտների դինամիկային։ Դիտարկենք այսպես. նախ, համեմատենք ծայրակետային բյուջեների (դիտարկվող ժամանակաշջանի վերջի) հարաբերությունը՝ կոռեկտավորելով համապատասխան ժամանակաշրջանի գնաճով։ 2022թ. պետական բյուջեի եկամուտների աճի տեմպը 2017թ. համեմատ կազմել է 166.8% (2063 մլրդ դրամը բաժանած 1237 մլրդ-ի)։ Չեզոքացնելով գնաճը (166.8 ։ 1.239) ստացվում է 134.6% աճի տեմպ կամ 42% հավելաճ։ Սա կառավարության ներդրումն է։ Բացի դա, 2018-2022թթ. ՀՆԱ հավելաճը եղել է 26.5%։ Տարբերությունը 8.1% է. սա օրենսդիրների ու ՊԵԿ ներդրումն է։ 2007թ. պետական բյուջեի եկամուտների աճի տեմպը 2002թ. համեմատ եղել է 262.4% (698 մլրդ դրամը 266 մլրդ-ի նկատմամբ)։ Չեզոքացնում ենք գնաճը. 262.4 ։ 1.239). ստացվում է 211.8% աճի տեմպ կամ 138.5% հավելաճ։ Այսինքն, 2003-2007թթ. բյուջեի եկամուտները 2018-2022թթ համեմատ աճել են 3.2 անգամ ավելի արագ։ Առաջ գնանք։ 2008-2012թթ. պետական բյուջեի եկամուտների աճի տեմպը կազմել է 139.9% (975 մլրդ-ը բաժանած 698 մլրդ-ի)։ Գնաճը եղել է 31.9%։ Չեզոքացնում ենք այն և ստանում, որ 2008-2012թթ. պետական բյուջեի եկամուտների իրական հավելաճը եղել է սոսկ 8%, իսկ աճի տեմպը 106%։ Հիմա նայենք 2013-2017թթ. պետական բյուջեի եկամուտների դինամիկան։ Աճի տեմպը կազմել է 126.9% (1237 մլրդ-ը բաժանած 975 մլրդ-ի)։ Գնաճը եղել է 12%։ Չեզոքացնում ենք այն և ստանում, որ 2013-2017թթ. պետական բյուջեի եկամուտների իրական հավելաճը եղել է 14.9%, իսկ աճի տեմպը 113.3%։ Այս անգամ խորացնենք վերլուծությունը և դիտարկենք նաև բյուջեի դինամիկան 1998-2002թթ։ Աճի տեմպը կազմել է 195.6% (266 մլրդ-ը 136-ի մլրդ-ի նկատմամբ)։ 1998-2002թթ. գումարային գնաճը եղել է 13.1%։ Եվ, ուրեմն, 1998-2002թթ. պետական բյուջեի եկամուտների հավելաճը կազմել է 82.5%, իսկ աճի տեմպը՝ 172.9%։ Չմոռանանք նաև նկատել, որ 1998-2006թթ. պետական կենսաթոշակային ֆոնդի միջոցները ներառված չէին պետական բյուջեի մեջ։ Իսկ դրանք կազմում են պետական բյուջեի շուրջ 20%-ը։
Կատարենք նույն գործողությունները պետական բյուջեի ծախսերի նկատմամբ։ 2018-2022թթ. պետական բյուջեի ծախսերի աճի տեմպը կազմել է 149% (2242 մլրդը 1504-ի նկատմամբ)։ Չեզոքացնում ենք գնաճը. ստացվում է ընդամենը 120.3% աճի տեմպ կամ 25.1% հավելաճ։ 1998-2002թթ. պետական բյուջեի ծախսերի աճի տեմպը կազմել է 189% (298.9 մլրդը 189-ի նկատմամբ)։ Չեզոքացնում ենք գնաճը. ստացվում է ընդամենը 167.3% աճի տեմպ կամ 76% հավելաճ։ 2003-2007թթ. պետական բյուջեի ծախսերի աճի տեմպը կազմել է 249% (747 մլրդը -299.8-ի նկատմամբ)։ Չեզոքացնում ենք գնաճը. ստացվում է ընդամենը 249.2% աճի տեմպ կամ 125% հավելաճ։ 2008-2012թթ. պետական բյուջեի ծախսերի աճի տեմպը կազմել է 138.8% (1037 մլրդը 747-ի նկատմամբ)։ Չեզոքացնում ենք գնաճը. ստացվում է ընդամենը 105.2% աճի տեմպ կամ 7% հավելաճ։ 2013-2017թթ. պետական բյուջեի ծախսերի աճի տեմպը կազմել է 145% (1504 մլրդը 1037-ի նկատմամբ)։ Չեզոքացնում ենք գնաճը. ստացվում է ընդամենը 129.5% աճի տեմպ կամ 33% հավելաճ։

2018-2022թթ տնտեսական աճը քանակապես ավել չէ նախորդ հնգամյակների տնտեսական աճից․ Հրանտ Բագրատյան

Այսպիսով, արտառոց աճ բյուջետային եկամուտների ու ծախսերի առումով չի եղել. եկամուտների առումով 2018-2022թթ տեմպերը զիջում են 1998-2002 և 2003-2007թթ. (ընդ որում զիջում են 2-3 անգամ , ավել են 2008-2012 և 2013-2017թթ., իսկ ծախսերի մասով 2018-2022թթ. ցուցանիշները զիջում են 1998-2002, 2003-2007, 2013-2017թթ. բյուջեներին։ Ավել են միայն 2008-2012թթ. բյուջետային ծախսերից։ Թե բա ՔՊ-ն եկավ ու բյուջե ունեցանք, եկամուտներն աճել են, սոցիալական հարցեր ենք լուծում։ Սուտ։ Նման բան չկա։ Այո բյուջեն աճել է, բայց նախորդ տարիներից ավելի դանդաղ։ Տ.Սարգսյանից լավ եք եղել։ Նրա վարչապետության տարիները բոլոր առումներով վատագույնն են ՀՀ տնտեսական պատմության մեջ։ Ընդամենը դա։ Անշուշտ, բաց են մնում 1993-1997թթ. բյուջետային տարիների, ինչպես նաև 1991-1992թթ. իրավիճակը։ Այստեղ համեմատություններ արված չեն։ Նախ, մինչև 1993թ ՀՆԱ չի հաշվարկվել։ Երկրորդ, դրամը ներդրվել է 1993թ նոյեմբերին, ինչը բացառում է 1991-1993թթ համար դինամիկ համեմատական ճշգրիտ շարքեր կազմելու հնարավորությունը։ Միայն նկատենք, որ, օրինակ, 1995-ին պետական բյուջեի եկամուտներն աճել են 3.2 անգամ (29.4 մլրդ դրամից հասել են 94.5 մլրդ դրամի), իսկ ծախսերը՝ 3.1 անգամ (40.8 մլրդ դրամից 125.5 մլրդ դրամի)։ Սա առանց կենսաթոշակային ֆոնդի միջոցների։ Այդ տարի գնաճը եղել 1.76 անգամ։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով