Դիվանագիտական ջանքերը ոչ միայն ծառայում են աշխարհում առկա կոնֆլիկտների լուծմանը, այլ նաև էականորեն նպաստում են տնտեսական որոշակի գաղափարների իրագործմանը։ Դրանք հիմնականում վերաբերում են այնպիսի գաղափարներին, որոնք միտված են տարբեր երկրների տնտեսական շահերի փոխլրացմանը։ Առաջին հերթին այստեղ խոսքը փոխշահավետ առևտրի մասին է։ Բոլորիս համար էլ պարզ է, որ ներկայումս տեղի ունեցող գործընթացները խիստ բացասական ազդեցություն են թողել միջազգային առևտրի վրա։ Խախտվել են տարիներ շարունակ ձևավորված առևտրային շղթաները։ Այլընտրանքներ են պետք, որոնք թույլ կտան բեռները հասցնել հասցեատերերին` առանց հավելյալ խոչընդոտների։ Տարբեր երկրներ, այս գործընթացներում հիմք ընդունելով սեփական երկրների աշխարհագրական առանձնահատուկ դիրքերը, փորձում են առաջարկել նոր հնարավորություններ։ Հնդկաստան այցի շրջանակներում նման մի գաղափարի շուրջ է բանակցություններ վարել ՀՀ արտաքին գործերի նախարար Ա․ Միրզոյանը։ Բոլորին էլ պարզ երևում է, որ Հնդկաստան-Հայաստան կապերը բոլոր ճանապարհներով զարգացում են ապրում։ Հայաստանը շահագրգռված է նաև հնդկական ներդումների ներգրավմամբ։
Air India-ն ինքնաթիռների ռեկորդային գնումներ է կատարում
Այս համատեքստում Հայաստանը Հնդկաստանին առաջարկում է գործարկել տրանսպորտային նոր միջանցք, որի միջոցով հնդկական ապրանքները Սև ծովով կհասնեն ՌԴ և Եվրոպա։ Փաստացի առաջարկվում է մի տարբերակ, որը գործելու է հանրահայտ «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքին զուգահեռ։ Հայկական նախագծի մեջ ներառված հիմնական երկրներն են լինելու Հայաստանը, Վրաստանը, Հնդկաստանը, Իրանը և ՌԴ-ն։ Հիշեցնենք, որ Ադրբեջանը ներառված է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքում։
Փաստացի նոր միջազգային տրանսպորտային միջանցքը պետք է իր արդյունավետությամբ չզիջի «Հյուսիս-Հարավ»-ին․
Գծապատկեր 1․ «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի գրավիչ կողմերը
Նախ և առաջ նկատենք, որ «Հյուսիս-Հարավ»-ի հիմնական նշանակությունը այն է, որ վերջինս գործում է որպես Սուեզի միջանցքի այլընտրանք։ Պատկերացրեք` ինչ ճանապարհ էին անցնում հնդկական բեռները Սուեզի միջանցքով Եվրոպայի սպառողներին հասնելու համար։ «Հյուսիս-Հարավ»-ը թույլ տվեց Մումբայից Սանկտ-Պտերբուրգ ապրանքները հասցնել ընդամենը 15-24 օրում։ Սա էական առաջընթաց է, եթե հաշվի առնենք, որ Սուեզի ջրանցքով տեղափոխումների պարագայում 30-45 օր ցուցանիշը։ «Հյուսիս-Հարավ»-ի տարեկան թողունակությունը կազմում է 30 մլն տոննա։ Բացի այդ՝ Իրանի և Ադրբեջանի միջև կառուցվող երկաթգիծը 13-20 %-ով կկրճատի Թուրքիայի միջոցով ռուսական ապրանքափոխադրման արժողությունը։
Անշուշտ, այս գաղափարի իրագորոծումը դրական ազդեցություն կունենա մեր տարաշածրջանում Հայաստանի դիրքերի ամրապնդման տեսանկյունից։ Թվում է՝ Հայաստանը փոքր երկիր է և չի կարող էական դերակատարում ունենալ միջազգային տնտեսական հարաբերություններում, սակայն դա այդքան էլ ճիշտ տեսակետ չէ, քանի որ միշտ էլ անհրաժեշտ է փնտրել նոր ճանապարհներ` բարեկամ երկրների հետ համագործակցությունը խորացնելու համար։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում