ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին ՀՀ տարածքային կառավարման նախկին նախարար, ԱԺ նախկին նախագահ, նախկին ՀՀ վարչապետ Հ.Ա.-ից, նրա կնոջից՝ Ջ.Ա.-ից, որդուց, դստրերից, իրեն փոխկապակցված այլ անձանցից (աշխատակիցներ, ազգականներ և նրանց ամուսիններ) հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
- 59 անշարժ գույք, որից 15-ը՝ Երևան քաղաքում, մեծամասամբ Կենտրոն վարչական շրջանում, 12-ը Արարատի մարզի Մխչյան համայնքում, 10-ը՝ Նարեկ համայնքում, 2-ը՝ Կոտայքի մարզ, Արզական համայնքում, 6-ը՝ Կոտայքի մարզ Ծաղկաձոր համայնքում, 1-ը՝ Վայոց Ձորի մարզ, Ջերմուկ համայնքում, 1-ը՝ Գեղարքունիքի մարզ, Սևան համայնքում, 6-ը՝ Տավուշի մարզ, Դիլիջան համայնքում, 3-ը Կոտայքի մարզ Մեղրաձոր համայնքում, 1-ը՝ Արարատի մարզ, Մարմարաշեն համայնքում, 1-ը Արարատի մարզ, Այնթապ համայնքում, 1-ը՝ Արարատի մարզ, Արևաբույր համայնքում.
- 4 ավտոմեքենա.
- 20 ընկերությունների մասնակցություններ և բաժնետոմսեր.
- շուկայականից էականորեն ցածր արժեքով օտարված 9 գույքերի շուկայական արժեքներ՝ ընդհանուր՝ 1 մլրդ 628 մլն 277 հազար 90 դրամ.
- ընկերություններին տրված փոխառություններից ծագող պահանջի իրավունք՝ 11 մլն 292 հազար 570 ԱՄՆ դոլարի, 687 մլն 500 դրամի և 3 մլն 117 հազար 680 եվրոյի չափով.
- 21 մլրդ 202 մլն 67 հազար 797 դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդի և օրինական եկամուտներով չհիմնավորվող, բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված կամ չնույնականացված դրամի հանրագումար: