Անհրաժե՞շտ է արդյոք մտահոգվել ՀՀ ֆինանսական կայունությամբ. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

3 Min Read

Աշխարհը մտնում է ֆինանսական ճգնաժամի նոր փուլ: Հավանաբար սկսվելու է համար առաջին՝ ԱՄՆ-ի, տնտեսությունից: Արդեն երկու բանկ սնանկ են ճանաչվել մեկ-երկու օրվա ընթացքում: Իրավիճակի հրատապությունը հաշվի առնելու նպատակով երկրի նախագահ Ջո Բայդենը հայտարարությամբ հանդես կգա, որին անպայման կհետևենք:

Մինչ այդ, խոսելով սպասվող նոր ֆինանսական ճգնաժամի մասին՝ մեզ առաջին հերթին պետք է հետաքրքրի մեր ֆինանսական կայունությունը: Օրենքի համաձայն՝ ֆինանսական կայունության պահպանումը դրված է ՀՀ Կենտրոնական բանկի ուսերին: Սակայն ընթերցողին կհետաքրքրի, թե ինչ է իրենից ներկայացնում ֆինանսական կայունությունը: Համաձայն ԿԲ ձևակերպման՝ ֆինանսական կայունությունը ֆինանսական համակարգի՝ ֆինանսական հաստատությունների, շուկաների և շուկայի ենթակառուցվածքների կողմից հավանական ցնցումներին ու անհավասարակշռություններին դիմակայելու ունակությունն է՝ այդ կերպ նվազեցնելով ֆինանսական միջնորդության գործառույթների խաթարման հավանականությունը:​ Ֆինանսական կայունության նպատակը ոչ թե մեկ առանձին ֆինանսական հաստատության կայունությունն է, այլ ամբողջ ֆինանսական համակարգի կայունությունը:​

Կան կոնկրետ ցուցանիշներ, որոնք նախնական տեղեկատվություն են տալիս ֆինանսական համակարգում առկա իրավիճակի մասին և ցանկացած վտանգավոր միտումների պարագայում պատկան մարմինները պետք է սկսեն գործել:

Առաջին հերթին ուսումնասիրենք ՀՀ ֆինանսական կայունության հետևյալ ցուցանիշները.

Գծապատկեր 1. Ֆինանսական կայունության ցուցանիշների մի քանիսի վարքագիծը 2017-2023 թթ.-երի հունվար ամսվա դրությամբ

ԿԲ վիճակագրական տվյալների համաձայն՝ բարձր իրացվելի ակտիվների հարաբերությունը ցպահանջ պարտավորություններին 2023 թ․-ին կազմել է 102.4 %: Նկատենք, որ բանկային համակարգում 2022 թ․-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ այս ցուցանիշի մասով դրված նորմատիվը կազմել է 102.25 %: Ինչպես կարելի է նկատել գծապատկերից, բարձր իրացվելի ակտիվների հարաբերությունը ցպահանջ պարտավորություններին ցուցանիշը հաստատվել է 2017-2023 թթ․-երի հունվարներին արձանագրված նվազագույն մակարդակում: Հաջորդ ցուցանիշը բարձր իրացվելի ակտիվներ/ընդհանուր ակտիվներ հարաբերակցությունն է, որ կազմել է 37.5 %: Այս ցուցանիշը նախորդ տարվա հունվար ամսվա համեմատ աճել է 5.1 տոկոսային կետով:

Բանկային համակարգում 2022 թ․-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ սահմանված նորմատիվը կազմել է 36.96 %: Եվ, վերջապես, նորմատիվային ընդհանուր կապիտալ/ռիսկով կշռված ակտիվներ հարաբերակցությունը 2023 թ․-ի հունվարին կազմել է 19.9 %: Վերջինս 2022 թ․-ի հունվար ամսվա արձանագրված ցուցանիշի համեմատ աճել է 2.6 տոկոսային կետով: 2022 թ․-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ սահմանված նորմատիվն այս ցուցանիշի մասով բանկային համակարգում կազմել է 20.3 %:

Ընդհանուր առմամբ վերոնշյալ կայունությունը նկարագրող ցուցանիշների մասով արձանագրված փաստացի իրավիճակը կարծես թե բավարար է գնահատվում, սակայն ֆինանսական կայունությունն արգելափակված համակարգ չէ և այն դինամիկորեն փոխվում է իրավիճակին համապատասխան: Այս պայմաններում անհրաժեշտ է վարել ճկուն քաղաքականություն՝ փորձելով նվազագույնի հասցնել արտաքին միջավայրից եկող բացասական շոկերը:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով