Ինչի՞ կհանգեցնի բողոքի ալիքը. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

3 Min Read

Այս օրերին աշխարհի տարբեր երկրներում ցույցեր են ընթանում։ Մարդիկ բողոքում են իրենց իսկ ընտրած իշխանությունների դեմ։ Հատկապես մեզ՝ հայերիս, հուզում և հետաքրքրում են իրադարձությունները բարեկամ երկու երկրներում` Վրաստանում և Ֆրանսիայում։ Ի տարբերություն Վրաստանի, որտեղ զգացվում է արտաքին ուժերի մեծ ներգրավվածություն, Ֆրանսիայում ցույցերն ընթանում են արդեն բավականին երկար ժամանակ, որոշակի ընդհատումներով։ Այս ցույցերի ընթացքում զայրացած ամբոխն անկարգությունների է դիմում՝ պատճառելով զգալի նյութական վնասներ քաղաքին։ Հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց` իրենց բողոքն արտահայտելու թոշակի անցնելու տարիքին առնչվող օրինագծի դեմ։ Ընտրված նախագահը, որին ֆրանսիացիները կրկին ձայն են տվել,  լավ իմանալով, որ Էմանուել Մակրոնը մտադիր է բարձրացնել թոշակային տարիքը, ընդունում է նախագահական ընտրության քվեարկությունը՝ ասելով, որ ֆրանսիացիներն իրեն մանդատ են տվել նաև այս գործն ավարտելու համար։

Ներկայումս Ֆրանսիայում թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց համար թոշակի անցնելու տարիքը 62 տարեկանն է։ Էմանուել Մակրոնի պլանով առաջարկվում է տարեկան 3 ամիս ավելացումներով թոշակային տարիքը տղամարդկանց և կանանց համար հասցնել 64 տարեկանի։ Փաստացի անցումը տեղի է ունենալու աստիճանաբար։

Պարզ է՝ քաղաքացիների մի ստվար հատված պետք է ընդդիմանար, քանի որ ֆրանսիական քաղաքականությունը գրեթե միշտ ունեցել է սոցիալական ուղղվածություն, և հիմա փաստացի Ֆրանսիան անցում է կատարում դեպի սուր կապիտալիզմ։

Սակայն թոշակային տարիքի փոփոխության հիմնահարցը միայն Ֆրանսիայում չէ դրված, դա գլոբալ խնդիր է, որին փորձում են լուծում տալ մյուս երկրները․

Գծապատկեր 1․ Թոշակային տարիքը տղամարդկանց պարագայում աշխարհի խոշոր տնտեսություններում 2023 թ․-ին

Ֆրանսիացիները բողոքում են 64 տարեկանում թոշակի անցնելու հեռանկարներից, իսկ Իտալիայում և ԱՄՆ-ում թոշակի են անցնում 67 տարեկանում։ Ընդ որում՝ գենդերային հավասարություն է այս հարցում։

Բրիտանացիները անցնում են թոշակի 66 տարեկանում թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ։ Մինչև 2046 թ․-ը պլանավորվում է թոշակի անցնել 68 տարեկանից։

Գերմանիայում թոշակի են անցնում 65 տ․ 10 ամսում։ Այստեղ նույնպես գենդերային հավասարություն է։ Մինչև 2031 թ․ թոշակային տարիքը հասցվելու է 67 տ․։

Ճապոնիայում, Կանադայում և ՌԴ-ում տղամարդիկ թոշակի են գնալու 65 տարեկանում։ Գենդերային հավասարություն առկա է Ճապոնիայում և Կանադայում, իսկ ՌԴ-ում կանայք թոշակի են անցնում 60 տարեկանում։

Չինաստանն այս հարցում տարբերվում է բոլորից։ Աշխարհում երկրորդ տնտեսությունն ունեցող այս երկրում տղամարդիկ թոշակի են անցնում 60 տարեկանում, իսկ կանայք՝ 55 տարեկանում։ Սակայն, մինչև 2045 թ․-ը թոշակային տարիքը կդարձնեն 65 տ․։ Նկատենք, որ այս փոփոխության արդյունքում կհաստատվի գենդերային հավասարություն։

 

TAGGED:
Share This Article
6 Comments