Գնաճ, անվանական աշխատավարձ, արդյունաբերական արտադրանք. ինչպիսի՞ ցուցանիշներ են արձանագրվել. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

3 Min Read

ՀՀ ՎԿ-ն արդեն հրապարակել է 2023 թ.-ի հունվար ամսվա հիմնական տնտեսական ցուցանիշների վերաբերյալ տվյալները։ Այդ ցուցանիշների ուսումնասիրությունը հնարավորություն կտա համեմատականներ անցկացնել նախորդ տարվա գրանցված արդյունքների միջև և պարզել տնտեսության զարգացման ուղղությունները։

Դիտարկենք 2023 թ.-ի հունվար ամսին ՀՀ տնտեսության համար կարևոր մի շարք ցուցանիշների արձանագրած արդյունքները.

Գծապատկեր 1. ՀՀ տնտեսության հիմնական ցուցանիշների մակարդակը 2023 թ.-ի հունվարին

Ինչպես նկատվում է Գծապատկեր 1-ում, բացակայում է գյուղատնտեսության ցուցանիշը։ Ըստ ՎԿ մեկնաբանության՝ գյուղատնտեսական արտադրանքի ծավալների տվյալները տրվելու են եռամսյակային պարբերականությամբ՝ պայմանավորված այս ցուցանիշի սեզոնայնությամբ և բնակլիմայական ոչ կայուն պայմաններից կախված ամսական արտադրության տատանողականության համահարթեցման անհրաժեշտությամբ։

Համաձայն  տվյալների՝ 2023 թ.-ի հունվարին արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 177,691 մլն դրամ, իսկ շինարարության ծավալը՝ 16,023 մլն դրամ: 2023 թ.-ի հունվարին առևտրաշրջանառության մակարդակն արձանագրել է 292,919 մլն դրամ, իսկ ծառայությունների ծավալը՝ 215,960 մլն դրամ արդյունքները: 2023 թ.-ի հունվարին ՀՀ-ում արտադրվել է 872 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա: Մեր հայրենակիցների միջին ամսական անվանական աշխատավարձը սույն թվականի հունվարին կազմել է 249,278 դրամ, իսկ արտահանման և ներմուծման ծավալները նույն ամսում եղել են համապատասխանաբար 573 մլն դոլար և 727 մլն դոլար:

Վերը բերված ցուցանիշները հնարավոր կլինի լիովին մեկնաբանել և դրանց փոփոխության միտումը ըմբռնել, եթե դրանց 2023 թ.-ի հունվարին արձանագրված արդյունքները համեմատության մեջ դրվեն 2022 թ.-ի հունվարի և միևնույն ժամանակ 2022 թ.-ի դեկտեմբերին արձանագրված արդյունքների մակարդակների հետ:

Գծապատկեր 2. ՀՀ հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների փոփոխությունը 2023 թ․-ի հունվարին՝ 2022 թ. -ի հունվարի և 2022 թ.-ի դեկտեմբերի համեմատ

Գծապատկեր 2-ից նկատում ենք, որ տնտեսական ակտիվության ցուցանիշի 2023 թ.-ի հունվարի մակարդակի փոփոխությունը 2022 թ.-ի նույն ամսվա նկատմամբ կազմել է 10,5 %, իսկ 2022 թ.-ի դեկտեմբերի համեմատ՝ -46.1 %։
Արդյունաբերական արտադրանքի ծավալներն աճել են 2023 թ․-ի հունվարին 2022 թ․-ի հունվարի համեմատ 1,4 %-ով, իսկ 2022 թ․-ի դեկտեմբերի համեմատ նվազել են 41,9 %-ով:
Գները 2023 թ․-ի հունվարին աճել են 2022 թ․-ի հունվարի համեմատ 8,1 %-ով, իսկ 2022 թ․-ի դեկտեմբերի համեմատ՝ 1,4 %։
Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների անկումը 2023 թ․-ի հունվարին 2022 թ․-ի հունվարի համեմատ կազմել է 1.5 %, մինչդեռ 2022 թ․-ի դեկտեմբերի համեմատ այս ցուցանիշն աճել է 3.8 %-ով։
Արտահանման և ներմուծման ծավալների աճը 2023 թ․-ի հունվարին 2022 թ․-ի հունվարի համեմատ կազմել է համապատասխանաբար 130 % և 72,5 %։ Հետաքրքրական է, որ 2023 թ․-ի հունվարին 2022 թ․-ի դեկտեմբերի համեմատ արտահանման և ներմուծման անկումներ են նկատվել համապատասխանաբար 1,1 %-ով և 28,2 %-ով։
2023 թ․-ի հունվարին նախորդ տարվա համեմատ միջին ամսական անվանական աշխատավարձերն աճել են 22 %-ով, իսկ 2022 թ․-ի դեկտեմբերի համեմատ նվազել 19.3 %-ով:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով