Մաքսային բարեփոխումների շրջանակում, կառավարության որոշմամբ, կատարվել է փոփոխություն երրորդ երկրներից ներմուծվող ապրանքների՝ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպման գործառնություններում։ Այս մասին Banksnews.am-ը տեղեկանում է ՊԵԿ-ից։
Միևնույն տրանսպորտային միջոցով տարբեր առաքողներից տարբեր ստացողների անունով փոխադրվող ապրանքները ՀՀ սահմանային մաքսային մարմնից ՀՀ ներքին մաքսային մարմին տեղափոխելու համար այժմ լրացվում է մեկ տարանցման հայտարարագիր։ Որոշման պահանջները ուժի մեջ մտնելուց հետո սահմանային մաքսակետերում էապես կրճատվել է ապրանքների մաքսային ձևակերպումների վրա ծախսվող ժամանակը, ինչի արդյունքում նվազել են նաև հերթերը։
Այսպես, Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնում, հավաքական բեռների համար մեկ տարանցիկ հայտարարագիր ներկայացնելով, լրացման ժամկետի արդյունավետությունը բարձրացել է 2-ից 2.5 անգամ։ Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` փետրվարի 24-ից մինչև մարտի 3-ը, ձևակերպվել է 1270 տարանցման հայտարարագիր, որով սպասարկվել են 1270 բեռնատար տրանսպորտային միջոց և 2170 տնտեսվարող սուբյեկտ: Իսկ որոշմանը նախորդող նույն ժամանակահատվածում ձևակերպվել է 1744 տարանցման հայտարարագիր, որով սպասարկվել է 895 տրանսպորտային միջոց:
Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսային կետ-բաժնում մեկ տրանսպորտային միջոցով տեղափոխվող ապրանքների ձևակերպումների վրա սահմանային մաքսային մարմնում ծախսվող ժամանակը կրճատվել է 40-ից 50 տոկոսով։ Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` փետրվարի 24-ից մինչև մարտի 3-ը, ձևակերպվել է 628 տարանցման հայտարարագիր, սպասարկվել՝ 592 բեռնատար տրանսպորտային միջոց և 2020 տնտեսվարող սուբյեկտ: Իսկ փոփոխությանը նախորդող համադրելի ժամանակահատվածում լրացվել է 1083 տարանցման հայտարարագիր, որով սպասարկվել է 472 տրանսպորտային միջոց:
Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնում որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ևս էապես կրճատվել է հավաքական բեռների համար «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպումների վրա ծախսվող ժամանակը՝ 50-ից 60 տոկոսով։ Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` փետրվարի 24-ից մինչև մարտի 3-ը ձևակերպվել է 1365 տարանցման հայտարարագիր, որով սպասարկվել են 1279 տրանսպորտային միջոց և 1711 տնտեսվարող սուբյեկտ: Իսկ փոփոխությանը նախորդող նույն ժամանակահատվածում Մեղրիի մաքսային կետ-բաժնում լրացվել է 1287 տարանցման հայտարարագիր, որով սպասարկվել է 1054 բեռնատար տրանսպորտային միջոց:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում