Հայտնի «կարտոֆիլի» փողոցը ևս ամայացավ. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

2 Min Read

Ընդհանրապես երկրի ղեկավարության կարևորագույն խնդիրներից է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ տնտեսական սուբյեկտներն իրենց կզգան բավականին պաշտպանված և ապահով, ինչը թույլ կտա զարգացնել սեփական գաղափարները և այդպիսով առաջ տանել նաև ողջ տնտեսությունը։ Իհարկե, այս ամենը պետք է իրականացվի խելամիտ օրենքների սահմաններում։ Տարիներ առաջ ներկայիս իշխանությունները բառի բուն իմաստով պատերազմ հայտարարեցին փողոցային առևտրին։ Երևանում ոստիկանները գրոհում էին փողոցային առևտրականներին՝ պարտադրելով դադարեցնել առևտուրը։ Ժամանակին մենք այս քայլը համարեցինք չափազանց կտրուկ, քանի որ դեպքերի մեծամասնության պարագայում փողոցային առևտուրն այս մարդկանց միակ ապրուստի միջոցն էր։ Մյուս կողմից, կարևոր է նաև հարգել մյուսների իրավունքները:

Փողոցային առևտրականների, սպառողների և բոլոր մյուսների իրավունքների միաժամանակյա ապահովումը, սակայն, չի նշանակում բիրտ ուժի կիրառում։ Մասնավորապես, մի քանի օր առաջ ականտես եղանք, թե իշխանական պատգամավորներից մեկը  ինչպես Երևանի փողոցներից մեկում բառացիորեն ապրուստի միակ հնարավորությունից զրկեց առևտրով զբաղվող մի քաղաքացու։ Ականատեսների պնդմամբ՝ իշխանական պատգամավորը նույնիսկ կարտոֆիլով լի պարկը ոտքով շաղ է տվել և ամբողջ պարկի պարունակությունը թափել։ Պատգամավորի այս կտրուկ գործողության արդյունքում առևտուր անող քաղաքացին ձերբակալվել է։ Հետաքրքիրն այն է, որ այս գործողությունները պատգամավորը կատարել է մի փողոցի վրա, որին մարդիկ անվանում են կարտոֆիլի փողոց։ Ներկայումս, այնտեղ ո՛չ առևտրականը կա, ո՛չ էլ կարտոֆիլի առևտուրը։ Զարմանալի է, որ այս քաղաքացու հարցով չեն զբաղվել ոստիկանները, այլ դրանով զբաղվել է պատգամավորը։ Փաստորեն, ներկայումս ցանկացած քաղաքացի պետք է զգուշանա, քանի որ մի արևոտ օր իշխանական պատգամավորներից մեկը կարող է գալ և ավերել ամեն ինչ։

Այս ամենը որևէ կապ չունի տնտեսության արդյունավետ կառավարման հետ և անդառնալի բացասական հետևանքներ է ունենալու երկարաժամկետ հեռանկարում։ Հատկապես տուժելու է մանրածախ առևտուրը, որի ծավալները 2022 թ․-ին կազմել են 1,639,421.1 մլն դրամ։ Վերջինիս 1 %-ն ապահովել է գյուղատնտեսական արտադրանքի շուկաների առևտրաշրջանառությունը․

Գծապատկեր 1․ Գյուղատնտեսական արտադրանքի շուկաների առևտրաշրջանառությունը 2022 թ․-ին և, մասնավորապես, 2022 թ.-ի դեկտեմբերին

2022 թ.-ին գյուղատնտեսական արտադրանքի շուկաների առևտրաշրջանառությունը կազմել է 17,222․3 մլն դրամ։ Վերջինս 2021 թ․-ի համեմատ նվազել է 6 %-ով։ Մյուս կողմից նկատենք, որ 2022 թ․-ի դեկտեմբերին գյուղատնտեսական արտադրանքի շուկաների առևտրաշրջանառությունը կազմել է 2,092․3, որը նախորդ ամսվա համեմատ աճել է մոտ 37 %-ով, իսկ նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ՝ մոտ 17 %-ով։

Share This Article
Թողնել մեկնաբանություն