Դանիական Pandora-ն՝ ոսկերչական իրերի աշխարհի խոշորագույն արտադրողը, վաճառել է իր առաջին կանաչ պարտատոմսը: Այս մասին գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրին։ Պարբերականի տվյալներով՝ գործարքը կազմել է 500 մլն եվրո (531 մլն դոլար):
Արժեթղթերի թողարկման պայմանները ներառում են կայուն զարգացման երեք նպատակ, որոնցից առաջին երկուսն ուղղված են արտանետումների նվազեցմանը, իսկ երրորդը ենթադրում է ընկերության անցումը միայն վերամշակված ոսկու և արծաթի օգտագործման՝ մինչև 2025 թվականը։
Pandora-ն առաջին անգամ կայուն ոսկերչական արտադրություն տեղափոխվելու ծրագրերի մասին հայտարարել էր 2020 թվականի հունիսին: «Դարեր առաջ արդյունահանված մետաղները նույնքան լավն են, որքան նորերը»,- այն ժամանակ ասել էր ընկերության ղեկավար Ալեքսանդր Լաչիկը` ընդգծելով, որ նոր մոտեցումը չի ազդի ոսկերչական իրերի որակի վրա: Pandora-ի ներկայացուցիչը հավելել էր, որ նոր մեթոդը չի ազդի զարդերի գնի վրա և չի հանգեցնի զգալի լրացուցիչ ծախսերի։
Կանաչ պարտատոմսերի վաճառքից ստացված հասույթը կօգտագործվի ընդհանուր կորպորատիվ նպատակների համար։
Գործարքը կառավարել են՝ Danske Bank A/S, Nordea Bank Abp, BNP Paribas SA և Morgan Stanley ընկերությունները, գրում է գործակալությունը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում