Ինչու՞ է ՊԵԿ-ը խտրական քաղաքականություն իրականացնում․ Սուրեն Պարսյան

2 Min Read
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը գրում է

««Զովք» սուպերմարկետի շուրջ վերջին օրերի աղմուկը հիշեցրեց 2018 թվականի իրադարձությունները, երբ 2018 թվականի մայիս-հունիս ամիսներին ՀՀ պետական եկամուտների կոմիտեն բացահայտեց, որ դեռևս 2016 թվականի վերջին, տեղական գյուղմթերքի գնաճ չառաջացնելու պատրվակով, համաձայնություն էր ձեռք բերվել ՀՀ ՊԵԿ նախկին ղեկավարության հետ` գյուղացիներից գնված գյուղմթերքի վաճառքը «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցից իրականացնել տարբեր անձանց անվամբ հիմնադրված 461 ԱՁ-ներով, որոնց իրացման շրջանառության սահմանաչափը 115 մլն ՀՀ դրամ է, ինչը հնարավորություն է ընձեռել 20 տոկոս ԱԱՀ-ի և շահութահարկի փոխարեն վճարել ընդամենը 2 տոկոսի չափով շրջանառության հարկ: ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքի հետ կապ ունեցող «Երևան Սիթի»-ի ստվերային շրջանառությունը գնահատվում էր 40 մլրդ դրամ։ Տարբեր գնահատականներով թաքցված հարկի չափը կազմում էր 6-7 մլրդ դրամ։ 2023 թվականին «Զովք» սուպերմարկետի հնարավոր չարաշահումների պարագայում պակաս վճարված հարկի գումարը գնահատվում է 4,1 մլրդ դրամ, սակայն ձերբակալվել են սեփականատերը, տնօրենը, գլխավոր հաշվապահն ու ևս մեկ փոխկապակցված անձ:
Այո, թաքցված հարկերը բոլորը պետք է վճարեն, միաժամանակ պետք է կարգավորվի սուպերմարկետների գործունեությունը՝ սահմանափակելով նրանց ազդեցությունը մանրածախ առևտրի վրա։
Սակայն անհասկանալի է մնում, ինչու՞ «Երևան Սիթի»-ի դեպքում ոչ ոք չձերբակալվեց, իսկ «Զովք»-ի դեպքում ՊԵԿ-ը կիրառեց ծայրահեղ կոշտ միջոցներ։ Միթե՞ սա հովանավորչություն չէ։
Հայաստանում օլիգարխայի սերտաճում իշխանությունների հետ շարունակվում է, որն էլ ավելի է թուլացնում մեր երկրի անվտանգությունը»։
Կիսվեք այս հոդվածով