Իրանը որոշել է կիրառել ռուսական փորձը. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

3 Min Read

Հայաստանի տնտեսության համար ներկայիս շրջափակման պայմաններում մեծ նշանակություն ունեն այն իրադարձությունները, որոնք կատարվում են մեր երկու հարևան պետություններում՝ Վրաստանում և Իրանում: Զարմանալին այն է, որ Վրաստանը գերազանց հարաբերություններ ունի արևմտյան երկրների և բարդ հարաբերություններ` Ռուսաստանի հետ, մինչդեռ Իրանում լրիվ հակառակ իրավիճակն է: Ավելին, Իրանը գտնվում է Արևմուտքի խստագույն պատժամիջոցների ազդեցության տակ: Անշուշտ, այս պատժամիջոցներն էական հարված են հասցնում երկրի տնտեսությանը, որը տարիների ընթացքում հասցրել է էական դիմադրողականություն ձեռք բերել: Այս համատեքստում Իսլամական Հանրապետության կենտրոնական բանկը հաստատել է ազգային արժույթի ամրապնդմանն ուղղված միջոցառումների նոր փաթեթը։ Այն ներառում է առաջարկություններ, որոնք ուղղված են ռուբլու ամրապնդման վերաբերյալ Ռուսաստանի նախորդ տարվա փորձի կիրառմանը։ Խոսքն այն մասին է, որ բոլոր արտարժութային մուտքերը և պահուստները, որոնք առաջանում են երկրի արտահանման գործառնությունների շնորհիվ, կկարգավորվեն Կենտրոնական բանկի կողմից սահմանված գլխավոր տոկոսադրույքով։

Ռուսական փորձի կիրառության համար անհրաժեշտ է, որ այս երկրները որոշակի առանցքային ցուցանիշների մասով իրար մոտ լինեն, բացի այն հանգամանքից, որ երկու երկրներն էլ հակամարտության մեջ են գտնվում ոչ միայն Արևմուտքի, այլ նաև հարևանների մեծ մասի հետ: Մասնավորապես, հետաքրքիր է համեմատել Իրանում և Ռուսաստանում ֆինանսական և մոնետար ազատության համաթվերը.

Գծապատկեր 1. Մոնետար և ֆինանսական ազատության համաթվերի վարքագիծը Իրանում և ՌԴ-ում 2022 թվականին

Ֆինանսական ազատության համաթիվը գնահատում է ֆինանսական ծառայությունների պետական կարգավորման աստիճանը, բանկերի և այլ ֆինանսական ընկերությունների նկատմամբ կառավարության միջամտության աստիճանը՝ ուղղակի և անուղղակի միջոցներով, ֆինանսական շուկայի և կապիտալի շուկայի զարգացման աստիճանը, կառավարության ազդեցությունը վարկերի բաշխման վրա և արտաքին մրցակցության համար բաց լինելը: Ցուցանիշի բարձր արժեքները ցույց են տալիս բանկերի գործունեության արդյունավետությունը և անկախությունը պետական վերահսկողությունից ու ֆինանսական հատվածի միջամտությունից: Մոնետար ազատության համաթվի գնահատումը հիմնված է երկու գործոնի վրա՝ վերջին երեք տարիների միջին կշռված գնաճը և գների վերահսկումը: Համաթվի բարձր արժեքները նշանակում են գների կայունություն ՝ առանց միկրոտնտեսական միջամտության:

Ինչպես ցույց են տալիս վիճակագրական տվյալները, երկու երկրների ցուցանիշները գրեթե մոտ են իրար: Ռուսաստանում դեռևս այս ցուցանիշներն ավելի բարձր են, սակայն հնարավոր է, որ արևմտյան մեծաթիվ պատժամիջոցների արդյունքում որոշ ժամանակ անց նաև ՌԴ-ն մոտենա Իրանի ցուցանիշին:

Վերջում հավելենք, որ 2004 թ․-ի սեպտեմբեր-2023 թ․-ի հունվար ժամանակահատվածում Իրանի համար միջին փոխարժեքը կազմել է 58,247 իրանական ռիալ, 2008 թ․-ի ապրիլին՝ 9,002 իրանական ռիալ, իսկ 2020 թ.-ի հոկտեմբերին՝ 297,167 իրանական ռիալ՝ 1 ԱՄՆ դոլարի դիմաց: 2023 թ․-ի հունվարին 1 ԱՄՆ դոլարի համար իրանցիները պատրաստ են եղել վճարել 280,820 իրանական ռիալ

Share This Article
1 Comment