Միջին ամսական անվանական աշխատավարձերը 2022 թ.-ի չորս եռամսյակում. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

4 Min Read

Այսօր աշխարհը և, մասնավորապես, Հայաստանը ապրում են մի բարդ ժամանակաշրջանում, երբ աղավաղված են բոլոր արժեքները: Չափից ավել են գովերգվում երևույթներ, որոնք ենթարկվում են մակերեսային վերլուծության:

Օրինակ, Հայաստանում հաղորդումներ կան, որտեղ խոսվում է մարդկանց մասին, ովքեր Հայաստանում ինչ-որ արտադրություն են հիմնել, ինչ-որ գործունեություն են սկսել ծավալել: Այս մարդկանց մենք սովոր ենք անվանել մերօրյա հերոսներ: Անշուշտ, նրանք ևս հերոսներ են, սակայն այդ հերոսությունը ներկայացվում է միանգամայն այլ կերպ: Այսպես, մարդիկ, արտասահմանում երկար տարիներ ապրելով, ձեռք են բերում հսկայական գումարներ, այդ գումարներով գալիս են Հայաստան և հինում իրենց բիզնեսը: Այս ամենը ներկայացվում է որպես բացառիկ տաղանդ, մեծ հերոսություն: Այդուհանդերձ, կարծում ենք իրական հերոսներ են Հայաստանի այն քաղաքացիները, որոնք քրտնաջան աշխատում են, զրոյից ստեղծում են ապրուստ և կարողանում են մեծացնել իրենց երեխաներին: Հերոսներ են այն մարդիկ, ովքեր իրենց երեխաներին ուղարկում են առաջնագիծ և անհանգիստ սպասում են նրանց վերադարձին: Հերոսներ են այն բժիշկները, ուսուցիչները, որոնք նվազագույն աշխատավարձերով կրթում և բուժում են: Փաստացի իրական գործ անողներն ինչպես միշտ մնացել են ստվերում: Այս բացասական երևույթները թափանցել են նաև աշխատանքի շուկա, որտեղ աշխատավարձերի մակարդակը շարունակում է աճել, սակայն բավականին ցածր տեմպերով.

Գծապատկեր 1. Միջին ամսական անվանական աշխատավարձի մակարդակի դինամիկան 2022 և 2021 թվականների չորս եռամսյակում

Նախքան վերլուծելը փաստենք, որ բերված վիճակագրությունը վերաբերում է անվանական աշխատավարձերին, բացի այդ՝ գործ ունենք միջին հասկացության հետ: Սա նշանակում է, որ նախ այս անվանական աշխատավարձերից հանվում են բոլոր հնարավոր հարկերը և վճարները և երկրորդ` կլինեն ոլորտներ, որտեղ աշխատավարձերն էականորեն ցածր կլինեն միջին մակարդակից:

Վիճակագրական տվյալների հիման վրա կատարված հաշվարկները փաստում են, որ 2022 թ․-ի առաջին եռամսյակում 2021 թ․-ի նույն եռամսյակի համեմատ աշխատավարձերի աճը կազմել է 10 %, 2022 թ․-ի երկրորդ եռամսյակում 2021 թ․-ի երկրորդ եռամսյակի համեմատ՝ 13 %, 2022 թ․-ի երրորդ եռամսյակում 2021 թ․-ի երրորդ եռամսյակի համեմատ՝ 17 %-ով, և 2022 թ․-ի չորրորդ եռամսյակում 2021 թ․-ի չորրորդ եռամսյակի համեմատ՝ 21 %-ով: Այստեղ պետք է հաշվի առնել գնաճը, որը բավականին բարձր է:

Ուսումնասիրենք աշխատավարձերի մակարդակը Երևանում և ՀՀ մարզերում.

Գծապատկեր 2. Միջին ամսական անվանական աշխատավարձի մակարդակները Երևանում և ՀՀ մարզերում 2022 թ.-ի  չորրորդ եռամսյակում

Նկատենք, որ Երևանում միջին ամսական անվանական աշխատավարձը 2022 թ․-ի 4-րդ եռամսյակում կազմել է 301,800 դրամ: Նկատենք, որ այստեղ կարևոր հանգամանք է Երևանի մայրաքաղաք լինելը, գների մակարդակը և տնտեսական շարժը: Երևանում 2022 թ․-ի 4-րդ եռամսյակում 2021 թ․-ի նույն եռամսյակի համեմատ անվանական աշխատավարձերն աճել են 25 %-ով: Մարզերում առավելագույն անվանական աշխատավարձ հաստատվել է Սյունիքի մարզում՝ 325,334 դրամ: Հավանաբար այստեղ իր ազդեցությունն է ունեցել այս շրջանի հանքարդյունաբերական պոտենցիալը:

Սյունիքի մարզում անվանական աշխատավարձերը 2022 թ․-ի 4-րդ եռամսյակում 2021 թ․-ի նույն եռամսյակի համեմատ աճել են 5 %-ով:

Նկատենք, որ մարզերում աշխատավարձերի ամենացածր մակարդակն արձանագրվել է Գեղարքունիքի  մարզում՝ 133,657 դրամ: Վերջինս 2022 թ․-ի 4-րդ եռամսյակում 2021 թ․-ի նույն եռամսյակի համեմատ աճել է 1 %-ով:

Աշխատավարձերի մակարդակի անկում՝ 7 %-ով,  դիտվել է միայն Լոռու մարզում, որի արդյունքում 2022 թ․-ի 4-րդ եռամսյակում աշխատավարձերը հաստատվել են 140,372 դրամ մակարդակում:

Վերջում նշենք, որ ռեգիոնալ հանգամանքները էապես ազդում են աշխատավարձերի մեծության վրա և դրա հետ պետք է հաշվի նստել:

Կիսվեք այս հոդվածով