Ի՞նչ քարտեր են շրջանառվում Հայաստանում․ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

2 Min Read

ՀՀ ֆինանսական համակարգը շարունակում է հաստատուն քայլերով առաջ շարժվել։ Բանկերը զարգանում են` բերելով նոր հնարավորություններ մարդկանց համար: Մասնավորապես, զարգանում է վճարահաշվարկային համակարգը, որը օր օրի հաճախորդներին առաջարկում է վճարման առավել առաջանցիկ հնարավորություններ: Ներկայումս Հայաստանում դժվար է գտնել մարդկանց, ովքեր թղթադրամներով են իրենց գործարքները կատարում: Ավելի հաճախ մարդիկ օգտագործում են իրենց բանկային քարտերը։ Վերջիններիս անցմանը նաև նպաստել է աշխատավարձերի, թոշակների և այլ վճարների փոխանցումը քարտերին:

Շուկայում հայտնվում են նոր քարտեր` նոր հնարավորություններով և անակնկալներով: 2022 թ․-ի 4-րդ եռամսյակում ՀՀ բանկերի կողմից թողարկված՝ շրջանառության մեջ գտնվող քարտերի քանակը կազմել է 3,183,489 միավոր: Նկատենք, որ թողարկված քարտերի քանակն աճել է 2021 թ․-ի 4-րդ եռամսյակի համեմատ 18 %-ով, իսկ նախորդ եռամսյակի համեմատ՝ 4 %-ով:

Հետաքրքիր է ուսումնասիրել՝ ինչ քարտեր են շրջանառվում Հայաստանում.

Գծապատկեր 1. ՀՀ-ում շրջանառվող քարտերի քանակի կառուցվածքը` ըստ դրանց տեսակների 2022 թ.-ի 4-րդ եռամսյակի դրությամբ

Հայաստանում շրջանառվող քարտերի 47 %-ը VISA քարտերն են: ԱՐՔԱ-ի և Master Card-ի մասնաբաժինները գրեթե հավասար են և կազմում են համապատասխանաբար 24 % և 23 %: Նկատենք, որ ՀՀ-ում շրջանառվող քարտերը լինում են հաշվարկային, դեբետային և վարկային: Բացի այդ՝ քարտերից օգտվում են ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք: Հետաքրքիր է, որ 2022 թ․-ի 4-րդ եռամսյակի դրությամբ քարտերի գրեթե 99 %-ը պատկանում է ֆիզիկական անձանց: Վարկային քարտերի մասնաբաժինը շրջանառվող քարտերի քանակում կազմում է 2 %: Վերջինիս զգալի մասը ևս պատկանում է ֆիզիկական անձանց.

Գծապատկեր 2. ՀՀ բանկերի կողմից թողարկված վարկային քարտերի բաշխումը ֆիզիկական և իրավաբանական անձանց միջև` 2022 թ.-ի 4-րդ եռամսյակում

ԿԲ տվյալների համաձայն` 2022 թ․-ի 4-րդ եռամսյակում ֆիզիկական անձանց տրամադրված վարկային քարտերի ծավալը կազմել է 62,483, իսկ իրավաբանական անձանց պարագայում՝ 1,759 միավոր: Կատարված հաշվարկների համաձայն՝ ֆիզիկական անձանց պարագայում վարկային քարտերը տրամադրվել են VISA  և Master Card, որոնց մասնաբաժինը կազմում է յուրաքանչյուրը 46 %: Իրավաբանական անձանց պարագայում քարտերի 99 %VISA քարտեր են:

TAGGED:
Share This Article
Թողնել մեկնաբանություն