Շինարարությունը տնտեսության շարժիչ ուժերից մեկն է, որը նպաստում է նոր կապիտալի ձևավորմանը: Հին շինությունների փոխարեն նոր շինությունների ստեղծումն էապես կօգնի երկրի զարգացմանը: Նկատենք, որ շինարարության ոլորտի հետ միասին բուռն վերելք են ապրում նաև այլ ոլորտները, որտեղ ստեղծվում են հազարավոր աշխատատեղեր:
Շինարարության ծավալները 2022 թ․-ին 2021 թ․-ի համեմատ աճել են 12.5 %-ով: Շինարարության ծավալների զգալի աճ դիտվել է հատկապես հետևյալ ոլորտներում`
✓մշակող արդյունաբերություն՝ 2.5 անգամ, ✓ֆինանսական և ապահովագրական գործունեություն՝ 2.2 անգամ, ✓մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն՝ 4 անգամ։
Շինարարության ծավալների 43.3 %-ն իրականացվել է Երևանում, իսկ Կոտայքի մարզում՝ 11.8 %-ը : Անշուշտ, շինարարության ծավալների այս աստիճան կենտրոնացումը Երևանում չի նպաստում տարածաշրջանային զարգացմանը, որը ՀՀ տնտեսության և հատկապես անվտանգության համար ունի էական նշանակություն:
Շինարարության ծավալներին անդրադառնալիս չի կարելի շրջանցել դրա ֆինանսավորման աղբյուրները.
Վիճակագրական տվյալները փաստում են, որ շինարարության ծավալների 46.9 %-ը ֆինանսավորվել է կազմակերպությունների միջոցների հաշվին:Վերջինումս օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը կազմում է ընդամենը 5 %: Շինարարության ֆինանսավորման 27.2 %-ը պատկանում է պետական բյուջեին: Այստեղ միջազգային վարկերի մասնաբաժինը կազմում է 25 %, որոնց մեջ Ասիական Զարգացման բանկի մասնաբաժինը կազմում է 48 %: Շինարարության ֆինանսավորման 18.9 %-ը և 6.1 %-ը պատկանում է համապատասխանաբար բնակչության և համայնքների միջոցներին: Եվ, վերջապես, շինարարության ֆինանսավորման 0.9 %-ը պատկանում է մարդասիրական օգնության միջոցներին, որտեղ Հայ Առաքելական եկեղեցու կողմից հանգանակված միջոցների մասնաբաժինը կազմում է 29 %-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում