Հայաստանի ներկայիս իշխանություններն ամեն անգամ որպես հաղթաթուղթ ներկայացնում է այն փաստը, որ հայ ժողովուրդը կրկին անգամ իրենց ընտրել է Հայաստանի բարձրագույն իշխանության ղեկին։ Այս առումով իշխանությունը որոշումներ է կայացնում Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող հարցերի շուրջ և յուրաքանչյուր անգամ այդ որոշումները հիմնավորում է այն հանգամանքով, որ եթե հանրությունը հնարավորություն է տվել իրենց կրկին իշխելու, ապա համաձայնություն է տվել կառավարության ցանկացած որոշմանը։
Այս համատեքստում, կառավարության հերթական խայտառակ որոշումներից մեկը Ամուլսարի վերաբացումն է։ Այս հարցի շուրջ չկա համաձայնություն։ Իրենց բողոքի ձայնն են բարձրացրել բնապահպանները և տեղաբնակները։ Բնապահպանները կրկին անգամ նշում են, որ շահագործման հետևանքով հանքում առկա ուրանի պաշարներն անդառնալի հետևանքներ կարող են ունենալ և հանգեցնել բնապահպանական աղետի։ Այս հարցը բազմիցս հետաձգվել է և, հավանաբար, տեսնելով, որ հանրության ուշադրության կենտրոնում են այժմ այլ հարցեր են, իշխանությունը փաստացի գնացել է գործարքի։
Դեռևս պարզ չէ, թե այս գործարքի հետևում ինչպիսի ուժեր են կանգնած, ինչպիսի գումարներ կարող են շրջանառված լինել` կայացնելոյ համար այս հակահայկական, հակաբնապահպանական և հակատնտեսական որոշումը։
Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մեծ գոհունակությամբ և ժպիտով ստորագրեց մի հուշագիր, որի արժեքը, ըստ հրապարակված տվյալների, կազմում է 250 միլիոն ԱՄՆ դոլար.
Այս խայտառակ որոշման արդյունքում, ըստ Հայաստանի իշխանությունների, Հայաստանն ունենալու է հավելյալ 1 % տնտեսական աճ։ Ներկայացված այս թիվը չափազանց կասկածելի է և խնդրում ենք տրամադրել այն հաշվարկները, որոնք բերել են նման եզրահանգմանը։ Բացի այդ՝ արդյոք այս աճը թունավոր չի լինելու հայ ժողովրդի համար։ Շրջակա համայնքներին <<Լիդիան Արմենիան>> պարտավորվելու է վճարել տարեկան 7 միլիոն ԱՄՆ դոլար։ Հարց է առաջանում` սա ինչ վճար է կամ սա ինչ կաշառք է։ Իսկ կառավարությունը, առանց որևէ գումար ծախսելու, ստանալու է նոր ընկերության բաժնետոմսերի 12,5 %-ը։ Հարց է առաջանում` ովքեր են տիրանալու այս բաժնետոմսերին։ Այս ամենում ամենացավալին և տխրեցնողն այն է, որ որևէ հիմնավորումներ չեն ներկայացվում սպասվող բնապահպանական խնդիրների մասին։ Որևէ կերպ չի հասկացվում` կոնկրետ ինչ միջոցառումներ և ինչ գումարներ են ծախսվելու հնարավոր բնապահպանական, առողջապահական և այլ խնդիրները լուծելու համար։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում