Այսօր Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը հիշեցրեց, որ հիմա օդանավակայանում անհատ տաքսու վարորդները նույն կերպ շարունակում են Հայաստան եկած մարդկանց իրենց ծառայությունները ներկայացնել:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը պարզաբանեց, որ Տեսչական մարմինը ժամանակ էր տվել այնտեղ տաքսի ծառայություններ մատուցողներին, որպեսզի համապատասխանեցնեն օրենքի պահանջներին:
«Դեկտեմբերի մեկից բավականին խիստ վերահսկողություն է սահմանվել օդանավակայանում, սակայն այս պահի դրությամբ նախարարությունը տարբեր կազմակերպությունների հետ քննարկում է այնտեղ տաքսի ծառայության՝ օրենքին համապատասխան ծառայությունների կարգավորման հարցը, բայց այս պահի դրությամբ դեռ լիցենզիա ստանալու որևէ հայտ չունենք»,- ասաց նա:
Բաբկեն Թունյանը հետաքրքրվեց, թե ինչն է պատճառը, որ մինչ այսօր որևէ մեկը հետաքրքրված չի եղել լիցենզիա ստանալու հարցում, Արմեն Սիմոնյանը պատասխանեց, որ հետաքրքրված տարբեր կազմակերպություններ եղել են, բայց լիցենզավորման կոնկրետ հայտ չի եղել, աշխատանքները տարբեր ընկերությունների հետ շարունակվում են: