Փողերի լվացման սխեմայի մեջ բանկերը անմասն չեն։ Այս մասին Փետրվարի 8-ին հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Ազգային ժողովում ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդագիրը ներկայացնելու ժամանակ։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը, դիմելով գլխավոր դատախազին, նշեց․ «Ձեզ լսելով՝ հասկացա, որ տեղի է ունեցել փողերի լվացման դասական սխեմա, և դրանում մասնակցություն է ունեցել նաև բանկային համակարգը։ Ուզում եմ հասկանալ՝ արդյո՞ք բանկային համակարգի ներկայացուցիչներ ևս ներգրավված են այս գործով, և ինչպե՞ս է ստացվել, որ ունեցել ենք փողերի լվացման դեմ պայքարի ստորաբաժանումներ և սահմանած որոշակի գումարից ավելի գումարները խոշորացույցի տակ են հայտնվել, բայց այս դեպքում միլիոնավոր դոլարների շարժ է եղել, ու ամեն ինչ սահուն գնացել է»։
Վարդապետյանը թեև շեշտեց, որ այս հարցի միակ հասցեատերն ինքը չէ, այնուամենայնիվ, շարունակեց․ «Համակարգային կոռուպցիային վերաբերող գործերի մեծ մասի դեպքում վերջին կամ նախավերջին հանգրվանը բանկային համակարգն է։ Փողերի լվացման սխեմայի մեջ, պատկերացնում եք, թե դա ինչ հզոր քարտ-բլանշ է․ այսինքն՝ բանկում գրավադրում անելն օրինական տեսք հաղորդելու վերջին փուլն է։ Պատճառներն ավելի խորն են, բայց դա քրեական վարույթի հարց չէ, դա արդեն համակարգային մոտեցման հարց է։ Փողերի լվացման սխեմայի մեջ բանկերը անմասն չեն, դեպքերի մեծ մասում բանկերը կան, բայց հիմա մեղքի հարցը դժվար է քննարկել՝ տեղեկացված են եղել, թե ոչ, թվերին ուշադիր են եղել թե ոչ՝ փողերի լվացման ռիսկերը կառավարելու տեսանկյունից։ Բայց ես կխնդրեմ, եթե կնախաձեռնեք նման քննարկում, դատախազությանն էլ հրավեր ուղարկեք, որովհետև մենք էլ փաստահեն ասելիք ունենք՝ սրա հետ կապված»։
Banksnews.am-ը հարցի առնչությամբ պարզաբանում ստանալու խնդրանքով դիմել է Կենտրոնական բանկին։
Մասնավորապես, ՀՀ կենտրոնական բանկից հետաքրքրվեցինք, ի՞նչ դեր կարող են ունենալ ՀՀ բանկերը փողերի լվացման մեջ և արդյո՞ք Ազգային ժողովում նշված քննարկումից հետո Կենտրոնական բանկը քայլեր ձեռնարկել է վեր հանելու հնարավոր խնդիրները։
Ի պատասխան մեր հարցմանը` ԿԲ-ից տեղեկացրին, որ 2018-ից 2021-ն ընկած ժամանակահատվածում ԿԲ Ֆինանսական դիտարկումների կենտրոնը 226 ծանուցում է ուղարկել իրավապահ մարմիններին, փողերի լվացման հանցակազմով հարուցել են շուրջ չորս տասնյակ քրեական վարույթ, որոնցից շուրջ երկու տասնյակը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:
«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով (այսուհետ՝ Օրենք) սահմանված հաշվետվություն տրամադրող անձանց (այդ թվում՝ բանկերի, վարկային կազմակերպությունների և այլ ֆինանսական հաստատությունների, ինչպես նաև ռիելթորների, նոտարների և այլ ոչ ֆինանսական ծառայություններ մատուցող անձանց) դերն ամրագրված է Օրենքի որոշակի դրույթներով։ Մասնավորապես, Օրենքի 5-րդ գլուխը սահմանում է հաճախորդների պատշաճ ուսումնասիրության, գործարար հարաբերությունների ընթացիկ պատշաճ ուսումնասիրության, ռիսկերի կառավարման ընթացակարգերի, տեղեկությունների պահպանման և այլ պարտականությունների վերաբերյալ դրույթներ։ Նշված պարտականությունները կանխարգելիչ բնույթ ունեն և ուղղված են հաճախորդների վերաբերյալ բավարար տեղեկություններ ձեռք բերելու միջոցով նրանց գործարքներին առնչվող փողերի լվացման ռիսկերի բացահայտմանը, գնահատմանն ու զսպմանը։ Օրենքի 2-րդ գլուխը սահմանում է ՀՀ կենտրոնական բանկի (այսուհետ՝ ԿԲ) ֆինանսական դիտարկումների կենտրոն (այսուհետ՝ ՖԴԿ) կասկածելի գործարքների կամ գործարար հարաբերությունների վերաբերյալ հաշվետվություն (այսուհետ՝ ԿԳՀ) ներկայացնելու պարտականությունը։ Նշված պարտականությունը ծագում է, ի թիվս այլի, գործարքում կամ գործարար հարաբերությունում ներգրավված գույքը հանցավոր ճանապարհով ստացված լինելու վերաբերյալ կասկածների կամ դրանց հիմքերի առկայության դեպքում։
Գործնականում հաշվետվություն տրամադրող անձինք, այդ թվում՝ բանկերը հաճախ ներկայացնում են ԿԳՀ-ներ ոչ թե փողերի լվացմանն առնչվող կոնկրետ ձևակերպված կասկածի, այլ՝ հաճախորդի վերաբերյալ ձեռք բերած տեղեկությունները թերի կամ հակասական լինելու հիմքով, ինչը դեռևս բավարար չէ հաճախորդի գործարքները կամ նրա հետ գործարար հարաբերությունը փողերի լվացման տեսանկյունից կասկածելի որակելու մասին վերջնական եզրահանգման համար։ Օրենքի 4-րդ գլխով սահմանվում են փողերի լվացման դեմ պայքարի նպատակով իրականացվող համագործակցության հիմնական դրույթները: Մասնավորապես, ՖԴԿ-ն բանկերից ստացված ԿԳՀ-ների հիման վրա իրավապահ մարմիններին տրամադրում է ծանուցում, եթե գալիս է եզրակացության, որ առկա են փողերի լվացման հիմնավոր կասկածներ։ Յուրաքանչյուր նման ծանուցում կարող է վերաբերել, օրինակ, բանկերից ստացված մեկ կամ մի քանի ԿԳՀ-ների և, ի լրումն ԿԳՀ-ներով ներկայացված տվյալների, ներառում է ՖԴԿ-ի վելուծությունն ու եզրահանգումները գործարքի կամ գործարար հարաբերության կասկածելիության վերաբերյալ։ ՖԴԿ-ն իրավապահ մարմիններին տեղեկություններ տրամադրում է նաև փողերի լվացման կասկածների վերաբերյալ բավարար հիմնավորումներ պարունակող հարցումների հիման վրա։ ՖԴԿ-ի տարեկան հաշվետվությունները պարունակում են ամփոփ տվյալներ հաշվետվություն տրամադրող անձանց ներկայացրած ԿԳՀ-ների, ինչպես նաև իրավապահ մարմիններին ՖԴԿ-ի տրամադրած ծանուցումների և հարցման պատասխանների մասին (2018-2021թթ․ ժամանակահատվածում ընդամենը 1073 ԿԳՀ, 226 ծանուցում և 1424 հարցման պատասխան)։ ԿԲ-ի ունեցած տեղեկություններով, նույն ժամանակահատվածում իրավապահ մարմինները փողերի լվացման հանցակազմով հարուցել են շուրջ չորս տասնյակ քրեական վարույթ, որոնցից շուրջ երկու տասնյակը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ Այդ մասով հավաստի տեղեկություններ հնարավոր է ձեռք բերել իրավապահ մարմիններից, այդ թվում՝ ՀՀ գլխավոր դատախազությունից»,- նշված է Կենտրոնական բանկի պատասխանում։
Ի պատասխան Banksnews.am-ի հաջորդ հարցին՝ արդյո՞ք ԿԲ-ն ուսումնասիրել է բանկերի հնարավոր ներգրավվածությունը փողերի լվացմանը մեջ և դրան հնարավորություններ ընձեռող օրենսդրական բացերն ու այլ գործոնները, Կենտրոնական բանկը նշում է, որ իրենց գնահատմամբ, փողերի լվացման դեմ պայքարի ՀՀ վարչական և քրեական օրենսդրությունը պարունակում է բոլոր անհրաժեշտ տարրերը փողերի լվացման դեմ արդյունավետ պայքարի համար։
«Սա փաստագրված է նաև Հայաստանում փողերի լվացման դեմ պայքարի միջազգային գնահատումների արդյունքներով, մասնավորապես՝ Եվրոպայի խորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի կողմից 2015 թվականին իրականացված գնահատման, ինչպես նաև 2018 և 2020 թվականներին ներկայացված առաջընթացի հաշվետվություններով։ Նույն գնահատումների եզրահանգմամբ, բանկերը պատշաճ կերպով են կատարում հաճախորդների պատշաճ ուսումնասիրության, տեղեկությունների պահպանման և ԿԳՀ-ների ներկայացման իրենց կանխարգելիչ բնույթի պարտականությունները։ Այդ պարտականությունների կատարումը վերահսկվում է ԿԲ-ի ֆինանսական վերահսկողության վարչության (այսուհետ՝ ՖՎՎ) կողմից, և խախտումներ կամ բացթողումներ ունեցող բանկերի նկատմամբ կիրառվում են վարչական պատասխանատվության միջոցներ, ինչպիսիք են նախազգուշացումը, տուգանքը և այլն։ Փողերի լվացումը քրեորեն պատժելի արարք է։ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի համաձայն՝ այն պատժվում է ազատազրկմամբ նվազագույնը երկու և առավելագույնը տասներկու տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ։ Որքանով հայտնի է ԿԲ-ին, բանկերի պաշտոնատար անձանց՝ փողերի լվացման մեջ ներգրավվածության հիմքով մեղադրական դատավճիռներ վերջին հինգ տարվա ընթացքում չեն կայացվել, այսինքն գործնականում հնարավոր չէ խոսել փողերի լվացման սխեմաներում բանկերի ներգրավվածության փաստերի կամ այդ մասով փաստահենք տվյալների մասին։ Ավելին, ԿԲ-ն տեղեկություններ չունի այդպիսի հիմքով հարուցված քրեական վարույթների կամ մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված գործերի վերաբերյալ։ Թեպետ փողերի լվացման՝ որպես քրեորեն պատժելի արարքի դրսևորումների, այդ թվում՝ դրանցում բանկերի պաշտոնատար անձանց հնարավոր ներգրավվածության վերաբերյալ ուսումնասիրություններ կատարելը դուրս է ՀՀ կենտրոնական բանկի իրավասություններից, ինչպես արդեն նշվել է, իրավապահ մարմինների հետ համագործակցության շրջանակներում փողերի լվացման հիմնավոր կասկածների վերաբերյալ ծանուցումներն ու հարցման պատասխանները ՖԴԿ-ն տրամադրում է ժամանակին ու լիարժեք կերպով, ինչը նույնպես փաստագրված է Հայաստանում փողերի լվացման դեմ պայքարի վերը նշված միջազգային գնահատումների արդյունքներովǧ,- Նշված է պատասխանում։
«Հայաստանի Հանրապետությունում փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման, ինչպես նաև զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման դեմ պայքարի հարցերով» միջգերատեսչական հանձնաժողովում իրականացվում է փողերի լվացման դեմ պայքարի ոլորտին առնչվող բոլոր հարցերով միջգերատեսչական համագործակցություն,- նշում է Կենտրոնական բանկը՝ պատասխանելով մեր հարցին,թե արդյո՞ք փողերի լվացման մեջ բանկերի հնարավոր ներգրավվածության հարցով քննարկումներ եղել են Կառավարության, Ազգային ժողովի, Դատախազության կամ ՀՀ պետական այլ գերատեսչությունների հետ:
«ՀՀ վարչապետի 2019 թվականի հունվարի 17-ի թիվ 45-Ա որոշմամբ ստեղծված «Հայաստանի Հանրապետությունում փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման, ինչպես նաև զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման դեմ պայքարի հարցերով» միջգերատեսչական հանձնաժողովի խնդիրները, ի թիվս այլի, ներառում են փողերի լվացման դեմ պայքարի ոլորտում միասնական պետական քաղաքականության մշակումը և ներպետական համագործակցության համակարգումը։ Հանձնաժողովին անդամակցում են բոլոր իրավապահ մարմինները և ՀՀ արդարադատության, արտաքին գործերի, ֆինանսների, էկոնոմիկայի նախարարությունները՝ ղեկավարների տեղակալների մակարդակով, ինչպես նաև ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը և ՀՀ կենտրոնական բանկը՝ ղեկավարների մակարդակով։ Հանձնաժողովի աշխատանքները կազմակերպվում են ինչպես նիստերի, այնպես էլ հանձնաժողովի անդամների միջև պարբերական գրավոր և բանավոր հաղորդակցության, քննարկումների և այլ աշխատանքային շփումների միջոցով։ Ավելին, հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 17-ին հաստատված «Փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման և զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում 2022- 2024թթ. ազգային ռազմավարության» գործողությունների ծրագրի իրականացման մոնիտորինգի արդյունքները պարբերաբար՝ տարին երկու անգամ ներկայացվում են հանձնաժողովի բոլոր անդամ գերատեսչություններին։ Ըստ այդմ, նշված հանձնաժողովն այն հարթակն է, որտեղ իրականացվում է փողերի լվացման դեմ պայքարի ոլորտին առնչվող բոլոր հարցերով միջգերատեսչական համագործակցությունը»,- նշված է պատասխանում։
Նշենք, որ 2021 թվականին 2020 թվականի համեմատ ավելացել են ԿԲ Ֆինանսական դիտարկումների կենտրոնի կողմից իրավապահ մարմիններին տրամադրվող ծանուցումները։ Այս մասին Banksnews.am-ը տեղեկանում է ՀՀ Կենտրոնական բանկի կայքում հրապարակված վիճակագրության վերլուծությունից։
Եթե 2020 թվականին իրավապահ մարմիններին 51 ծանուցում է տրամադրվել, 2021-ին այդ թիվը 80 է եղել։ 2022 թվականի հաշվետվությունն առայժմ հրապարակված չէ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում