Հնարավոր է պակասուրդ ՀՀ դիզելային վառելիքի շուկայում

2 Min Read

Հայաստանի տնտեսությունը մեծապես կախված է ՌԴ տնտեսությունից։ Վերջինումս տեղի ունեցող զարգացումներն անմիջականորեն ազդեցություն են ունենում ՀՀ տնտեսության վրա։ Մասնավորապես, Ռուսաստանի տնտեսությունում իրավիճակը շարունակում է մնալ բավականին լարված՝
պայմանավորված Կոլեկտիվ արևմուտքի սահմանած պատժամիջոցներով։

Նույնիսկ այս պայմաններում Ռուսաստանը փորձում է կայունացնել իր տնտեսությունը։ Ցավոք, այս ընթացքում դժվարին ճանապարհով են անցնում Ռուսաստանի հետ կապված տնտեսությունները։ Խնդիրը կայանում է նրանում, որ արևմտյան պատժամիջոցները ինչ-որ պահից սկսած տարածվելու են նաև երրորդ երկրների վրա՝ խնդիրներ ստեղծելով այդ երկրների տնտեսությունների համար։

Այս առումով Հայաստանի տնտեսությունը բացառություն չէ։ Շրջանառվում են լուրեր, որ Հայաստանը խնդիր է ունենալու ՌԴ-ից դիզելային վառելիքի ներկրման հետ կապված։ Իրավիճակը դիզելային վառելիքի շուկայում հնարավոր է լինելու կայուն պահել մինչև ամառ, սակայն դրանից հետո կարող են լինեն դիզելային վառելիքի թանկացումներ։ Մինչ իրավիճակի վատթարացումը Հայաստանի իշխանությունները պետք է փորձեն դիվերսիֆիկացնել դիզելային վառելիքի շուկան։ Այս համատեքստում հետաքրքիր է ուսումնասիրել դիզելային վառելիքի գների տատանումները ՀՀ-ում.

Գծապատկեր 1. Դիզելային վառելիքի գների փոփոխությունը 2022թ.-ի հունվար-դեկտեմբեր ամիսներին տախորդ տարվա նույն ամիսների և նախորդ ամսվա համեմատ.

Ինչպես փաստում են վիճակագրական տվյալները, դիզելային վառելիքի գների աճը դանդաղման միտում ունի։ 2022թ․-ի մայիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ արձանագրվել է դիզելային վառելիքի գների ամենաբարձր աճը՝ 48,7 %-ով։

Նկատենք, որ 2022թ․-ի մայիսին ապրիլի համեմատ դիզելային վառելիքի գները աճել են 10 %-ով։ Միևնույն ժամանակ նկատենք, որ արդեն 2022թ․-ի դեկտեմբերին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ դիզելային վառելիքի գների աճը հասել է 12,7 % մակարդակին, իսկ 2022թ․-ի դեկտեմբերին նախորդ ամսվա համեմատ նույնիսկ դիտվել է դիզելային վառելիքի գների անկում 7,2%-ով։

Share This Article
1 Comment