Առողջապահական խնդիրներն օր օրի շատանում են։ Դրա պատճառները բազմաթիվ են և պահանջում են անհապաղ լուծում։
Կան բազմաթիվ երկրներ, որոնց առողջապահական համակարգերը պարզապես աշխատում են արհեստական շնչառությամբ։
Նկատենք, որ վիճակագրական տվյալների համաձայն` աշխարհի ՀՆԱ-ի մոտ 9%-ը առողջապահության ծախսերն են։ Վերջիններիս 60%-ն ապահովում են պետությունները։ Սակայն, նույնիսկ այս հսկայական գումարների ծախսման պարագայում իրավիճակն աշխարհում չի շարժվում տեղից։
Իրավիճակը բարդանում է այն հանգամանքով, որ բժշկական ծախսերի մնացած 40%-ը, որը բաշխված է մասնավոր հատվածի կամ տնային տնտեսությունների վրա, աշխարհի տարբեր անկյուններում բաշխված է խիստ անհավասարաչափ։ Կան բազմաթիվ երկրներ, որտեղ մարդիկ չեն կարողանում այցելել բժշկի, քանի որ չունեն անհրաժեշտ միջոցներ։ Իրավիճակն առավել պարզ ներկայացնելու համար բավական է դիտարկել ստորև բերված գծապատկերը․
Գծապատկեր 1. 1 շնչի հաշվով առողջապահական ծախսերի ամենաբարձր և ամենացածր մակարդակները 2019թ․-ի դրությամբ
Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2019թ․-ին 1 շնչի հաշվով առողջապահական ծախսերի առավելագույն մակարդակ արձանագրվել է ԱՄՆ-
ում՝ $11,000, Շվեյցարիայում՝ $10,000, և Նորվեգիայում՝ $8,000։ Անհավատալի է, սակայն Մադագասկարում 1 շնչի հաշվով առողջապահական ծախսերի մակարդակը կազմում է $20, Բուրունդիում և ԿԴՀ-ում՝ $21, և Հրվ․ Սուդանում՝ $23։ Պարզ է, որ նման անդունդի առկայության պարագայում իրավիճակը չի կարող դրական անդրադառնալ մարդկանց կյանքի տևողության վրա․
Գծապատկեր 2. Կյանքի տևողության ամենաբարձր և ամենացածր մակարդակները 2020թ․-ին
2020թ․-ի տվյալները փաստում են, որ կյանքի տևողությունն ամենաբարձրն արձանագրվել է Ճապոնիայում՝ 85տ, որտեղ 1 շնչի հաշվով առողջապահական ծախսերի ծավալները կազմել են $4,400։
Կյանքի տևողության ամենացածր մակարդակն արձանագրվել է Չադում, Սիերա Լեոնեում, Նիգերիայում և Լեսոտոյում։ Այս երկրներում մարդկանց կյանքի տևողությունը միջինում կազմում է 55 տ։ Միևնույն ժամանակ 2020թ․-ի դրությամբ Չադում, Սիերա Լեոնեում, Նիգերիայում և Լեսոտոյում 1 շնչի հաշվով առողջապահական ծախսերի մակարդակները կազմել են համապատասխանաբար $30, $46, $71 և $124։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում