ԱՄՆ-ում մոտ 10 հազար ուկրաինացի արդեն այս տարվա ապրիլին կարող է հայտնվել անօրինական միգրանտի կարգավիճակում։ Այս մասին հայտնում է Wall Street Journal-ը։
«Միացյալ Նահանգներում բնակվող հազարավոր ուկրաինացի ներգաղթյալներ իրենց օրինական կարգավիճակը կորցնելու անմիջական վտանգի տակ են հայտնվել, քանի որ երկիր են մուտք գործել կարճ ժամանակահատվածով»,- պնդում է թերթը։
Ինչպես պարզաբանվում է, ուկրաինացիների երկիր մուտք գործելու պահին ամերիկյան իշխանությունները փախստականներ ընդունելու երկարաժամկետ ծրագիր չեն ունեցել։
Նրանք, ովքեր ժամանել են ԱՄՆ մինչև 2022 թվականի ապրիլի 11-ը, ներառվել են կարգավիճակի ժամանակավոր պաշտպանության տրամադրման ծրագրում, որի շնորհիվ հեշտությամբ կարող են թարմացնել կարգավիճակը։
Միաժամանակ, ապրիլի 21-ից ԱՄՆ իշխանությունները ներկայացրել են «Միավորվելով Ուկրաինայի համար» ծրագիրը, որը հնարավորություն է տալիս ուկրաինացի փախստականներին՝ ժամանելու պահից սկսած երկու տարի ապրելու և աշխատելու ԱՄՆ-ում։ Դա անելու համար քաղաքացիները պետք է հովանավոր ունենան։
Պարզվել է, որ երկու ծրագրերի միջև ընկած տասնօրյա ժամանակահատվածում սահման ժամանած ուկրաինացիները ԱՄՆ-ում մեկ տարի ժամկետով ապրելու թույլտվություն են ստացել: Այս հանգամանքով է պայմանավորված կարգավիճակի կորստի ռիսկը։ Ընդ որում, իշխանությունները չեն երկարաձգել այս ծրագիրը։
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան երեսպաշտություն էր անվանել փախստականների մասնավոր հովանավորության մասին ԱՄՆ ծրագիրը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում