Աշխարհում տեղի ունեցող զարգացումները, ցավոք, չափազանց բացասաբար են ընդունում բոլոր սպառողները։ Վերջիններս գնումների, ներդրումների և խնայողությունների մասին իրենց որոշումները կատարում են` ելնելով իրենց վճարունակ լինելու հնարավորությունից: Վերջինս էլ իր հերթին կախված է ոչ միայն ընթացիկ խնայողությունների մակարդակից, այլ նաև սպասվող եկամտից և առհասարակ երկրի տնտեսության նկատմամբ ունեցած վստահությունից: Վերջինիս աստիճանը հաշվարկում են սպառողների վստահության ցուցանիշով, որին մենք անդրադարձել ենք մեր տարբեր վերլուծություններում:
Հիշեցնենք, որ ցուցանիշի 100 բալից բարձր փաստացի մակարդակի դեպքում իրավիճակը դրական է, կամ սպառողները լիահույս են և դրական են տրամադրված, իսկ հակառակ պարագայում իրավիճակը բարդ է:
Ինչպես ցույց են տալիս ամենաթարմ վիճակագրական տվյալները, սպառողների վստահության անկում է դիտվում գլոբալ մասշտաբով: Սա ևս մեկ անգամ գալիս է փաստելու այն պարզ ճշմարտությունը, որ կառավարությունների աշխատանքի արդյունավետությունը մոտ է զրոյի: Կառավարման ներկայիս համակարգը խորը ճգնաժամի մեջ է և գնալով է’լ ավելի չի համապատասխանում մարդկանց ժամանակակից պահանջներին: Սակայն, քաղաքական գործիչները, որոնք չեն փայլում իրենց հմտություններով, շարունակում են ձևացնել, թե մտածում են իրենց ժողովրդի մասին, սակայն իրականում շարունակվում է հին և ավանդական խրախճանքը` միլիոնավոր մարդկանց քրտնաջան աշխատանքի հաշվին: Մարդիկ գնալով ավելի մեծ համոզմունք են ունենում, որ ստրկությունը երբևէ չի վերացել, այլ գուցե լոկ ձևափոխվել է, և որ մարդկությունը գտնվում է գլոբալ խաբեության մեջ:
Իրավիճակն ավելի լավ պատկերացնելու նպատակով բավական է ուսումնասիրել սպառողների վստահության համաթիվը մի շարք առանցքային երկրներում.

Նախքան Գծապատկեր 1-ը վերլուծելը, նկատենք, որ Մեծ Բրիտանիայի և Չինաստանի տվյալները նկարագրում են իրավիճակը 2022 թ․-ի նոյեմբերին: Սակայն, նույնիսկ այդ պարագայում պատկերն արդեն իսկ մտահոգիչ է: Հետաքրքիր է, որ այս բացասական տրամադրվածությունները շարունակվում են դեռևս 2022 թ․-ից:
Այսպես, Եվրոպան ներկայացնող 3 խոշոր տնտեսություններում՝ Ֆրանսիա, Գերմանիա և Իտալիա, սպառողների վստահության համաթիվը 2023 թ․-ի հունվարին կազմել է համապատասխանաբար՝ -20.4,-19.2 և -18: ԱՄՆ-ում 2023 թ․-ի հունվարին ցուցանիշը կազմել է 64.6: Մյուս կողմից, 2022 թ․-ի դեռևս նոյեմբերի դրությամբ Մեծ Բրիտանիայում ու Չինաստանում սպառողների վստահության մակարդակը հաստատվել էր համապատասխանաբար -44 և 85.5 բալ մակարդակներում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում