Տնտեսական անվտանգությունը յուրաքանչյուր երկրի ազգային անվտանգության անբաժանելի մասն է։ Իսկ ստվերային տնտեսությունը կարելի է սահմանել նաև որպես տնտեսական անօրինական գործունեություն՝ ուղղված որևէ տնտեսվարող սուբյեկտի օգտին տնտեսական շահույթի ստացմանը՝ ի հաշիվ այլ անձանց, ընկերությունների կամ՝ ի վնաս պետության: Որպես տնտեսական անվտանգության լրջագույն սպառնալիք՝ էապես կարևորվում է ստվերային տնտեսության կրճատման հիմնախնդիրը, և այս նպատակով 2022թ-ի ապրիլի 12-ին ընդունված՝ «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով էապես խստացվել են ապրանքների մատակարարման կամ տեղափոխության փաստաթղթավորման համար սահմանված պահանջների չկատարման համար նախատեսված պատասխանատվության չափերը։
Այսպես, օրենսգրքով սահմանված պահանջները չբավարարող ուղեկցող փաստաթղթով կամ առանց ուղեկցող փաստաթղթի ապրանքների մատակարարման կամ տեղափոխության դեպքում, այժմ գանձվում է տուգանք այդ ապրանքի գնի 50 տոկոսի չափով, բայց ոչ պակաս 500 հազար դրամից, նախկին՝ 200 հազարի փոխարեն, իսկ մեկ տարվա ընթացքում խախտման երկրորդ փաստ արձանագրվելու դեպքում՝ անփաստաթուղթ ապրանքների գնի 100 տոկոսի չափով, բայց ոչ պակաս 2 միլիոն դրամից, նախկին՝ 500 հազարի փոխարեն։ Նույն փոփոխություններով խախտման երրորդ և ավելի փաստ արձանագրվելու դեպքում գանձվում է տուգանք` անփաստաթուղթ ապրանքների գնի 200 տոկոսի չափով, բայց ոչ պակաս 10 միլիոն դրամից:
Ընդունված իրավանորմով պայմանավորված՝ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն իրեն վերապահված գործառույթների շրջանակում մշտապես ոլորտային հսկողություն է իրականացնում՝ հարկային իրավախախտումների կանխման ու բացահայտման ուղղությամբ։ Անընդհատ ուսումնասիրելով զարգացող բիզնես գործընթացների յուրահատկությունները՝ Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում, ըստ ոլորտային բաժանման մշակվել, ներդրվել և կիրառվել են ռիսկային գործարքների, ստվերային շրջանառության և ընդհանրապես հարկային իրավախախտումների բացահայտմանն ուղղված նոր մոտեցումներ: Արդյունքում` 2022թ-ի հունվար-դեկտեմբեր ամիսներին՝ առանց հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքերի բացահայտմանն ուղղված միջոցառումների շրջանակում, արձանագրվել է 863 խախտում. առաջադրված տուգանքի գումարը կազմել է շուրջ 598․3 մլն դրամ, որից օրենսգրքով կատարված փոփոխություններից հետո` պատժամիջոցների չափը խստացնելուց հետո, արձանագրվել է 444 խախտում. առաջադրված տուգանքի գումարը կազմել է շուրջ 421.8 մլն դրամ։
Նախորդ տարի երկու և ավելի՝ առանց հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու ապրանքների տեղափոխման կամ մատակարարման խախտումներ թույլ տված տնտեսվարող սուբյեկտների թիվը գերազանցում է 6 տասնյակը:
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսական գործունեություն իրականացնող անձանց հորդորում է պահպանել հարկային կարգապահությունը` ամբողջությամբ հայտարարագրել հարկման օբյեկտներն ու հարկման բազաները և այդ նպատակով բացառել առանց հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքերը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Խախտումներ թույլ տված տնտեսվարող սուբյեկտների ցանկն՝ այստեղ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում