Աշխատանքային իրավունքի թեմային առնչվող 5 հարց

5 Min Read
ԱՍՀ նախարարությունը պատասխանում է ձեր կողմից հնչեցված և աշխատանքային իրավունքի թեմային առնչվող հարցերին։
❓Աշխատանքային օրենսգրքի փոփոխություններից հետո կենսաթոշակային տարիքի ուսուցչին աշխատանքից ազատել հնարավո՞ր է։
📌 Աշխատանքային օրենսգրքում լայնածավալ փոփոխություններ են սպասվում, որով նախատեսվում է աշխատանքային պայմանագրի լուծումը տարիքով չպայմանավորել։ Հարկ է նշել, որ նախագիծը Կառավարության կողմից հավանության է արժանացել և ներկայացվել է Ազգային ժողով։ Ազգային ժողովի կողմից ընդունվելուց հետո գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը տարիքով պայմանավորված չի կարող լուծվել։
❓ Ինչպե՞ս է պետությունն օգնել 44-օրյայի ընթացքում վիրավորված զինծառայողներին աշխատանք գտնելու հարցում։
📌 Ադրբեջանի կողմից 2016 և 2020 թվականներին սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցած գործազուրկ անձանց աշխատանքի տեղավորման նպատակով՝ 2022 թ. իրականացվել է «Ադրբեջանի կողմից 2016 և 2020 թվականներին սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցած գործազուրկ անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպման և զբաղվածության ապահովում» ծրագիրը։ Միջոցառման շրջանակում՝ գործատուի ընտրությամբ առաջարկվել է՝
✅շահառուի մասնագիտական ուսուցում՝ մինչև 5 ամիս տևողությամբ(պետության կողմից փոխհատուցվում է շահառուի ուսման վարձը՝ ամսական 50.0 դրամի չափով, տրամադրվում է կրթաթոշակ՝ նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով, ինչպես նաև տրամադրվում է հարկերի փոխհատուցում՝ ամսական առավելագույնը 50.0 հազ. դրամի չափով),
✅ շահառուի համար գործատուի մոտ կազմակերպել աշխատանքային փորձառություն՝ 3 ամիս տևողությամբ (պետության կողմից փոխհատուցվում է շահառուին վճարվող աշխատավարձը՝ ամսական առավելագույնը նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով, շահառուի աշխատավարձից հաշվարկվող հարկային և սոցիալական վճարները՝ առաջին 3 ամսում ամսական առավելագույնը 25.0 հազ. դրամի չափով, հաջորդ 9 ամիսներին՝ ամսական առավելագույնը 50.0 հազ. դրամի չափով),
✅ տրամադրել գործատուի միանվագ փոխհատուցում (300 հազ. դրամի չափով)՝ շահառուի հետ առնվազն մեկ տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքելու պարագայում։
2022 թ. վերոնշյալ ծրագրի իրականացման նպատակով՝ կնքվել է աջակցության տրամադրման 276 պայմանագիր։ Ներկայում քննարկվում է 2023 թվականին ևս ծրագրի իրականացումը շարունակելու հարցը։
❓Կազմակերպությունների վերամիավորման ժամանակ, ֆիզարձակուրդում գտնվող աշխատակցին ազատում են աշխատանքից, թե՞ տեղափոխում են տվյալ կազմակերպություն։
📌ՀՀ աշխատանքային օրենսգրքի կարգավորումների համաձայն՝ կազմակերպության վերակազմակերպումը, ինչպես նաև դրա նկատմամբ պարտավորական կամ այլ իրավունքներ ունեցող անձանց փոփոխությունը հիմք չէ աշխատանքային պայմանագիրը լուծելու համար, եթե տեղի չի ունենում աշխատողների թվաքանակի և (կամ) հաստիքների կրճատում:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ աշխատողների թվաքանակի և (կամ) հաստիքների կրճատման հիմքով գործատուն արձակուրդում գտնվող աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը չի կարող լուծել։ Այսինքն, եթե կազմակերպության վերամիավորման արդյունքում տեղի է ունենում հաստիքների կրճատում, ապա գործատուն հղիության և ծննդաբերության արձակուրդի մեջ գտնվող ինչպես նաև մինչև երեք տարեկան երեխային խնամքի արձակուրդում գտնվող աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը չի կարող լուծել։
❓Գործատուն, որի մոտ որպես գրանցված աշխատող չեմ եղել, առանց պատճառաբանության հեռացնում է ինձ աշխատանքից։ Ինչպե՞ս կարող եմ իրավունքներս պաշտպանել։
📌Առանց աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված գրավոր աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի իրականացվող աշխատանքն անօրինական աշխատանք է համարվում:
Անօրինական աշխատանք կատարելու թույլտվություն տված և (կամ) աշխատանքի հարկադրող գործատուները կամ նրանց ներկայացուցիչները պատասխանատվություն են կրում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես նաև հատուցում են նման աշխատանք կատարողներին այդ աշխատանքի կատարման ընթացքում ոչ աշխատողի մեղքով պատճառված վնասները:
Եթե դատական կարգով հաստատված է, որ աշխատողի և գործատուի միջև գոյություն ունեն (գոյություն են ունեցել) փաստացի աշխատանքային հարաբերություններ, ապա աշխատանքային հարաբերությունները համարվում են ծագած այն օրվանից, երբ աշխատողը փաստացի անցել է աշխատանքի: Աշխատողը աշխատանքային հարաբերությունների առկայության փաստը հաստատելու նպատակով իրավունք ունի դիմելու դատարան փաստացի աշխատանքային հարաբերությունների գոյության ժամանակահատվածում, ինչպես նաև փաստացի աշխատանքային հարաբերությունները դադարելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում:
Դատարանի օրինական վճռով գործատուի և աշխատողի միջև փաստացի աշխատանքային հարաբերությունների առկայության փաստի հաստատումը չի ազատում գործատուին օրենքով սահմանված պատասխանատվությունից:
✅Միաժամանակ տեղեկացնում ենք, որ աշխատանքային օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողություն է իրականացնում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը։
❓Եթե նվազագույն աշխատավարձը սահմանվել է 75,000 դրամ և 40-ժամյա աշխատանքային գրաֆիկի համար ժամավարձը՝ 450 դրամ, արդյոք գործատուն իրավունք ունի՞ քիչ վճարել։
📌 2023 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձի չափը 75,000 դրամ է, իսկ նվազագույն ժամային տարիֆային դրուքաչափը 40 ժամյա աշխատանքային շաբաթվա դեպքում 450 դրամ։ Հետևաբար, նորմալ աշխատաժամանակի ռեժիմով աշխատելու դեպքում աշխատավարձից վճարվող հարկերը, սոցիալական կամ օրենքով սահմանված պարտադիր այլ վճարները կատարվելուց հետո աշխատողին վճարվող աշխատավարձի չափը 75,000 դրամից ցածր չի կարող լինել:
✅Միաժամանակ տեղեկացնում ենք, որ եթե աշխատողն աշխատում է ոչ լրիվ աշխատաժամանակի ռեժիմով, ապա տվյալ դեպքում ամսական աշխատավարձը կարող է ցածր լինել 75,000 դրամից, սակայն ժամային աշխատավարձի չափը չի կարող ցածր լինել ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափից՝ 450 դրամից։
Կիսվեք այս հոդվածով