ԱՄՆ-ն և իր համախոհները շարունակում են ճնշումներ գործադրել ՌԴ-ի վրա՝ նպատակ ունենալով կանգնեցնել պատերազմը ՈՒկրաինայում: Ճնշումները լինում են ինչպես տնտեսական, այնպես էլ ռազմական ուղղություններով:
Մասնավորապես, ԵՄ-ն արդեն կիրառել է բոլոր տեսակի պատժամիջոցների` բավականին մեծ թվով փաթեթներ: Դրանցում լրջագույն սահմանափակումներ են դրված ինչպես ՌԴ-ԵՄ փոխգործակցության տեսանկյունից, այնպես էլ այլ երկրներ-ՌԴ համագործակցության մասով:
Նման պատժամիջոցներ կիրառել են Մեծ Բրիտանիան, որտեղ ջերմորեն թագավորական ընդունելություն է կազմակերպվել ՈՒկրաինայի նախագահ Զելենսկիի պատվին, Ճապոնիան, Կանադան, Ավստրալիան և աշխարհի այլ երկրներ:
Անշուշտ, այս պատժամիջոցները բավականին թանկ են նստելու ՌԴ-ի վրա: Նույնիսկ ուկրաինական պատերազմում հաղթանակի պարագայում Ռուսաստանի տնտեսությունը հսկայական կորուստներ է կրել: Այս առումով հետաքրքրական է այն փաստը, որ ԵՄ-ն պատրաստվում է նոր պատժամիջոցների փաթեթ ընդունել:
Մյուս կողմից, ԱՄՆ-ն որոշել է 200%-ի հասնող մաքսատուրքը կիրառել Ռուսաստանից ներկրվող ալյումինի նկատմամբ: Իհարկե, սա հսկայական հարված է ռուսական ալյումինի արտադրությանը, քանի որ այս քայլին կարող են դիմել նաև եվրոպական երկրները, որոնք լուրջ շուկա են համարվում ՌԴ-ի համար:
Ալյումինի համաշխարհային շուկան արագ կերպով արձագանքում է հերթական սահմանափակումներին: Այս առումով
հետաքրքրական է ուսումնասիրել ալյումինի միջազգային գները ստորև բերված գծապատկերի օգնությամբ.
Գծապատկեր 1. Ալյումինի 1 տոննայի գնի դինամիկան` 2022թ.-ի հունիս-2023թ.-ի հունվար ժամանակահատվածում, $
Ինչպես կարելի է նկատել գծապատկերից` դիտարկվող ժամանակահատվածում ալյումինի գները 2022թ.-ի հունիսին հասել են առավելագույնի, երբ 1 տոննայի գինը հաստատվել է $2,563.4 մակարդակին:
Այնուհետև նկատվում է ալյումինի գների անկում: 2022թ.-ի սեպտեմբերին ալյումինի գները հասնում են դիտարկվող ժամանակահատվածի նվազագույն մակարդակին՝ $2,224.8: Հաջորդիվ նկատվում է ալյումինի գների աճ և 2023թ․-ի հունվարին գները հաստատվում են $2502 մակարդակում:
ԱՄՆ-ի և մյուս երկրների հնարավոր ալյումինային պատժամիջոցները ՌԴ նկատմամբ կարող են ահռելի կորուստներ պատճառել ռուսական Ռուսալ հսկայական կորպորացիային: Վերջինս ապահովում է համաշխարհային ալյումինի պահանջարկի 10 %-ը, իսկ ռուսական ներքին շուկայի
պահանջարկի՝ 70 %-ը: