Արդյունաբերական քաղաքականության իրականացման պետական կարգավորման շրջանակներում ՀՀ Կառավարությանը լիազորություն կտրվի նշյալ ոլորտի հիմնական ուղղությունների մասով նախատեսել պետական օժանդակության և աջակցության ծրագրեր։ Փոփոխությունը նախատեսող «Արդյունաբերական քաղաքականության մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագիծն այսօր Ազգային ժողովում ներկայացրեց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը, անդրադառնալով էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ելույթին, առաջարկեց քննարկել սահմանադարական փոփոխությունների արդյունքում ներդրումների ինստիտուտը հզորացնելու և տնտեսական օմբուդսմենի ինստիտուտը ստեղծելու հարցը։ Դա, ըստ Բագրատյանի, արտաքին ներդրողին կերաշխավորի, որ անկախ մարմինն իր ներդրումը պաշտպանելու է։
Կարևորելով հարցը՝ Վահան Քերոբյանը նշեց, որ Հայաստանի տնտեսության կառուցվածքային փոփոխության ճանապարհին մտադրություն կա էապես ավելացնել ներդրումների դերը տնտեսության մեջ՝ հասցնելով տարեկան ներդրումների ծավալը համախառն ներքին արդյունքի 25 տոկոսին։
«Այժմ այդ թիվը 18 տոկոսի մոտակայքում է։ Դա անհրաժեշտ չափից շատ քիչ է, որպեսզի համարենք, որ մեր տնտեսությունն աճում է ներդրումների, այլ ոչ թե սպառման հիման վրա։ Ներդրումները գլխավոր ՀՀ նպատակներից են՝ արտադրողականության ու տնտեսական աճի թիրախների հետ միասին։ Ներդրումների ծավալը 2022 թվականին աճել է մոտ 20 տոկոսով, բայց դա մեզ չի մոտեցնում այն համամասնությանը, որի մասին մենք խոսում ենք»,-ասաց նախարարը։
Քերոբյանը նշեց, որ Էկոնոմիկայի նախարարության կողմից մշակվել է և շուտով կառավարության քննարկմանը կներկայացվի ներդրումային քաղաքականության ռազմավարությունը, որը ծավալուն փաստաթուղթ է և մշակվել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հետ միասին:
«Ներդրումների, մանավանդ օտարերկրյա ներդրումների ներգրավման մեջ լինելու են աշխարհի գլոբալ 500 ընկերությունները, որոնք գիտահետազոտությունների վրա ծախսում են 2 անգամ ավելի շատ գումար, քան մնացած ամբողջ աշխարհը՝ կառավարությունները ներառյալ։ Ուստի այդ ընկերություններից յուրաքաչյուրի մուտքը Հայաստան որակական մեծ փոփոխություն կմտցնի տնտեսության մեջ և կդարձնի իսկապես գիտելիքահեն»,- նշեց Քերոբյանը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը հետաքրքրվեց․արդյո՞ք կա հաշվարկ՝ ներդրումների ինչքան աճ պետք է լինի հաջորդ տարիներին, որ ներդրումների ծավալը հասնի նախանշված թիրախին՝ ՀՆԱ-ի 25 %-ին։ Ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ իր հաշվարկներով դա անիրատեսական է։
«Ներդրումների վերաբերյալ շատ ենք խոսել, և գիտենք, որ կան դժվարություններ՝ ներդրումային ծրագրերը իրագործելու առումով։ Մենք շարունակական ջանքեր ենք գործադրում, որպեսզի 3 հիմնական ուղղություններով՝ Կառավարության կողմից կատարվող կապիտալ ծախսերի, տեղական ընկերությունների կողմից կատարվող ռեինվեստիցիաների, ինչպես նաև օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավմամբ կարողանանք մեր թիրախը խոցել։ Մեր պլանը դա է»,- պատասխանեց Քերոբյանը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում