Ամբողջ աշխարհը շարունակում է հետևել Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժից հետո ստեղծված իրավիճակին: Լրատվական դաշտն անընդհատ հաղորդում է նոր զոհվածների և վիրավորների մասին: Այս իրավիճակում աշխարհի ավելի քան 40 երկիր իր օգնությունն է առաջարկել Թուրքիային: Բազմաթիվ փրկարար ջոկատներ տարբեր երկրներից, այդ թվում նաև Հայաստանից, փորձում են, փլատակների տակից դուրս բերել դեռևս ողջ մնացած մարդկանց:
Նկատենք, որ Թուրքիայի նախագահ էրդողանը մինչև փետրվարի 12-ը երկրում հայտարարել է սուգ, սահմանել է արտակարգ դրություն Թուրքիայի 10 նահանգում: Վերջիններս այն նահանգներն են, որոնք հատկապես տուժել են ավերիչ երկրաշարժից: Էրդողանի մեկ այլ հայտարարության համաձայն՝ երկրաշարժի հետևանքների վերացման համար հատկացվում է $ 5,3 մլրդ: Այս դժվարին ժամանակներին, իհարկե այս գումարները բավականին նշանակալի են, սակայն նայելով ավերածությունների մակարդակին` պետք է փաստել, որ այս հատկացումները հավանաբար չեն բավականացնի իրավիճակի ամբողջական կարգավորման համար:
Ներկայիս խառը աշխարահաքաղաքական և տնտեսական իրավիճակում ավելի մեծ գումարներ հայթայթելը բավականին բարդ գործ է: Սակայն Թուրքիան ունի միջազգային պահուստների հսկայական ծավալներ: Դրա մասին է վկայում ստորև բերված գծապատկերը.
2022 թ․-ի դեկտեմբերին Թուրքիայի միջազգային պահուստների ծավալները հասել են դիտարկվող ժամանակահատվածի առավելագույն մակարդակին՝ կազմելով $ 128,7 միլիարդ: Այս գումարները, անշուշտ, բավարար հիմքեր են Թուրքիայի տնտեսությունում որոշակի ժամանակահատվածում կայունություն պահպանելու համար:
Մյուս երկիրը, որը նույնպես հսկայական կորուստներ է կրել երկրաշարժի արդյունքում, մեր բարեկամ Սիրիան է: Այստեղ իրավիճակը շատ ավելի բարդ է՝ ի տարբերություն Թուրքիայի: Սիրիայում դեռևս շարունակվում են պատերազմական գործողությունները: Սիրիայի սուվերեն հանրապետությունը շարունակում է օկուպացված մնալ տարբեր ուժերի կողմից: Սիրիայի համար այս աղետն է’լ ավելի մեծ փորձություն է, քանի որ դա լրջագույնս կբարդացնի երկրում առկա լարված սոցիալ-տնտեսական իրավիճակը:
Դրա մասին է վկայում երկրում տնտեսության անկման համաթվի դինամիկան, որը կարելի է ուսումնասիրել ստորև բերված գծապատկերի օգնությամբ.
Տնտեսական անկման ցուցանիշը հաշվի է առնում երկրի ներսում տնտեսական անկման հետ կապված գործոնները: Օրինակ, ցուցանիշը նայում է հասարակության ընդհանուր տնտեսական անկման օրինաչափություններին, որոնք չափվում են մեկ շնչի հաշվի եկամուտով, համախառն ազգային արտադրանքով, գործազրկության մակարդակով, գնաճով, արտադրողականությամբ, պարտքով, աղքատության մակարդակով կամ բիզնեսի ձախողումներով: Այն նաև հաշվի է առնում ապրանքների գների հանկարծակի անկումները, առևտրից ստացված եկամուտները կամ օտարերկրյա ներդրումները, ինչպես նաև ազգային արժույթի ցանկացած անկում կամ արժեզրկում: Որքան բարձր է ցուցանիշի արժեքը, այնքան ուժեղ է երկրի տնտեսական անկումը։
Այս ցուցանիշը տատանվում է 0 -10 միջակայքում: Ինչպես նկատում ենք, 2022 թ․-ին Սիրիայում այս ցուցանիշը հասել է 9.3 բալ մակարդակին: Վերջինս փաստում է, որ երկրում տնտեսության վիճակը չափազանց բարդ է, իսկ աղետի հետևանքները վերացնելու համար Սիրիայի կառավարությունը պետք է գումարներ հայթայթի:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում