Օրինագծի նպատակը՝ սպառողների կամ վարկառուների շահերը պաշտպանելն է, թե՞ դոլարացման մակարդակը նվազեցնելը. Բաբկեն Թունյան

2 Min Read

Եթե քաղաքացին չունի արտարժութային եկամուտներ, ապա չպետք է նրան հիփոթեքային վարկ տրամադարել արտարժույթով։ Այսօր Ազգային ժողովում այս տեսակետը հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը: Վերջինս ներկայացնում էր «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։

Որպես հիմնավորում պատգամավորը նշեց, որ վերջին տարիներին մեծացել է արտարժույթի տատանողականությունը, ինչն էական ռիսկեր է առաջացնում ոչ միայն պետության, այլև քաղաքացիների համար։ Սա հատկապես ռիսկային է այն քաղաքացիների համար, որոնք հիփոթեքային, հատկապես բնակարանային հիփոթեքային վարկեր ունեն:

ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ Տնտեսական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը մտավախություն հայտնեց, որ ֆինանսական համակարգում շատ գործող ընկերություններ, վարկային կազմակերպությունները հատկապես, ռեսուրսները ներգրավում են միայն արտարժույթով ու եթե իրենց ստիպեն վարկեր տրամադրել միայն դրամով, արտարժութային ռիսկը կրելու են այդ կազմակերպությունները, ու դա մտնելու է այդ տոկոսադրույքի մեջ։ Վարկերը կարող են սրա հետևանքով թանկանալ։

Պատգամավորը հետաքրքրվեց՝ արդյոք իրենց հետ այդ հանգամանք քննարկվել է, ու երկրորդ՝ որն է նախագծի հիմանական նպատակը՝ սպառողների կամ վարկառուների շահերը պաշտպանելը, թե դոլարայնացման մակարդակը նվազեցնելը։

Ի պատասխան՝ Գևորգ Պապոյանը նշեց, որ նախագծի նպատակները 2-ն են՝ և դոլարիզացիայի մակարդակի, դրանով իսկ՝ ռիսկերի կրճատումը, և այն, որ սպառողներին արտարժույթով վարկեր հնարավոր չլինի պարտադրել։

Նա շեշտեց, որ դեռ 2020-ին նախագիծը քննարկել են Բանկերի միության հետ, հիմա կա որոշակի համաձայնություն, նաև որոշակի քաղաքական որոշում ու դիրքորոշում, որ պետք է գնալ դոլարիզացիայի կրճատման ճանապարհով՝ միաժամանակ սպառողների շահերի պաշտպանությունը կարևորելով։

«Դոլարով վարկերը ըստ էության չենք վերացնում, դոլարով վարկի շահառու բիզնեսը կարող է լինել, որը դոլարով, կամ ասենք ռուբլիով գործառույթներ է իրականացնում»,- հավելեց Պապոյանը։

Կիսվեք այս հոդվածով