2023 թ. մարտի 1-ից «Թույլատվական փաստաթղթեր» համակարգում կգործարկվի ՍԱՏՄ ենթահամակարգը

1 Min Read
Copyright © State Revenue Committee of RA All rights reserved

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» միասնական հարթակում (www.trade.gov.am) ներդրված «Թույլատվական փաստաթղթեր» (www.sw.gov.am) համակարգում 2023 թ. մարտի 1-ից կգործարկվի ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ենթահամակարգը: Արդյունքում ՍԱՏՄ կողմից ներկայում կիրառվող էլեկտրոնային համակարգին օգտվողների հասանելիությունը կսահմանափակվի միայն դիտելու հնարավորությամբ։ Հետևաբար, տեսչական մարմնի կողմից տրամադրվող համապատասխան թույլատվական փաստաթղթեր ստանալու նպատակով անհրաժեշտ կլինի հայտերը ներկայացնել «Թույլատվական փաստաթղթեր» (sw.gov.am) էլեկտրոնային համակարգի միջոցով։

Միաժամանակ, Կոմիտեն հայտնում է, որ 2023 թ. մարտի 1-ից՝ իրավաբանական անձինք, իսկ մայիսի 1-ից՝ ֆիզիկական անձինք թույլատվական փաստաթուղթ ստանալու նպատակով ներկայացվող հայտերը «Թույլատվական փաստաթղթեր» (sw.gov.am) համակարգի միջոցով լրացնելու են ինքնուրույն (նախկինում՝ դրանք լրացվել են տեսչական մարմնի աշխատակիցների կողմից)։

«Թույլատվական փաստաթղթեր» (sw.gov.am) էլեկտրոնային համակարգի միջոցով միասնական հայտերի ստեղծման և ենթահայտերի ձևավորման գործընթացին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով:

Հայտնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Կիսվեք այս հոդվածով