ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում նախաձեռնված և ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով բացահայտվել է տնտեսական հանցագործության դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ։
Մասնավորապես, օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային տեխնիկայի բնագավառում գործունեություն իրականացնող ՍՊ ընկերության պատասխանատու անձինք, հարկեր չվճարելու նպատակով, ընկերությունում որպես աշխատողներ գրանցել են միայն աշխատակիցների մի մասին և հարկային հաշվարկներում ցածր են հայտարարագրել վարձու աշխատողներին վճարված աշխատավարձերը։
Քննչական և ՀՀ ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների սպասարկման վարչությունում հաշվառված հիշյալ ՍՊ ընկերության սեփականատերը և գլխավոր հաշվապահը, նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու նպատակով, 2022 թվականի փետրվարից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում, օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չեն ձևակերպել մի քանի տասնյակ վարձու աշխատողների, նրանց համար նույն ժամանակահատվածում հաշվարկված և վճարված աշխատավարձերը չեն հայտարարագրել ՀՀ ՊԵԿ ներկայացված, օրենքով սահմանված հաշվարկներում։
Բացի այդ, հարկերը պակաս վճարելու նպատակով, ընկերությունների պատասխանատու անձինք հարկային մարմին ներկայացրած եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներում էականորեն ցածր են հայտարարագրել նաև գրանցված վարձու աշխատողների աշխատավարձերը, ինչի արդյունքում, քննության տվյալներով և կատարված հարկային պարտավորությունների հաշվարկներով, պետական բյուջե չի վճարվել առանձնապես խոշոր չափերով հարկ։
Քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում ՀՀ ՔԿ քննիչների և ՀՀ ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության աշխատակիցների մասնակցությամբ ընկերության պատասխանատու անձանց բնակության հասցեներում, գործունեության վայրերում կատարվել են խուզարկություններ, առգրավվել են բազմաթիվ փաստաթղթեր, էլեկտրոնային կրիչներ, համակարգիչներ, հիշողության կոշտ սկավառակներ և այլն։
Քրեական վարույթով համակողմանի և պատշաճ քննություն ապահովելու համար ստուգվում են նաև նշված ընկերության կողմից իրականացված գործունեության և ներգրավված դրամական միջոցների օրինականությունը, տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային տեխնիկայի բնագավառի գործունեության անվան տակ ապօրինի գործունեությունը քողարկելու հնարավորությունը:
Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ առերևույթ հանցանքին ներգրավված անձանց շրջանակն ամբողջացնելու, բոլորի արարքներին իրավական գնահատական տալու, պետությանը պատճառված վնասի ամբողջական չափը հստակեցնելու և այն վերականգնելու ուղղությամբ։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ տրվել են հանձնարարություններ:
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում