Վարչապետ Նիկոլ Փաշինյանն
այցելել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտե՝ կառույցի
2022թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:
Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը, Ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը, Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ Ռոբերտ Բազիկյանը և պաշտոնատար այլ անձինք:
Պատասխանատուները զեկուցել են, որ 2022 թվականի ընթացքում զգալիորեն ավելացել է մասնավորեցման ենթակա պետական գույքերի նկատմամբ պահանջարկը: Արդյունքում՝ նախորդ տարի օտարվել է ընդհանուր 20 մլրդ 700 մլն դրամ ծավալի 16 պետական անշարժ գույք: Մասնավոր ներդրողները պարտավորվել են հստակ ժամկետներում, ընդհանուր առմամբ, իրականացնել 84 մլրդ դրամի ներդրումային ծրագրեր:
Հաշվետու ժամանակահատվածում օտարման է ներկայացվել 220 տրանսպորտային միջոց, որից օտարվել է 101-ը: 2023 թվականին Պետական գույքի կառավարման կոմիտեին է ամրացվելու ևս 654 տրանսպորտային միջոց, որից կոմիտեն նախատեսում է այս տարվա ընթացքում օտարել 500-ը: Այս տարվա առաջին ամսվա ընթացքում արդեն իսկ օտարվել է 60 տրանսպորտային միջոց: Միաժամանակ, տեղեկացվել է, որ վարձակալության տրված պետական գույքերի դիմաց 2022-ին հավաքագրվել և պետբյուջե է վճարվել 11 մլրդ դրամ, ինչը 2021-ի համեմատ ավելի է 200 տոկոսով:
Աշխատանքներ են տարվել նաև պետական գերատեսչություններին վարձակալված մասնավոր տարածքներից պետական տարածքներ ներգրավելու ուղղությամբ: Արդյունքում՝ ակնկալվում է առաջիկա տարիներին ունենալ ավելի քան 300 մլն դրամի խնայողություն:
Նշվել է, որ ներկայումս առկա է մասնավորեցման ենթակա 25 անշարժ գույք, այդ թիվը տարվա ընթացքում հնարավոր է ավելանա:
Ավելին՝ այստեղ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում