«Ժողովուրդ». Որևիցե բան չտվող ակտիվություն. ինչու է ավելացել ՏԱՑ-ը

2 Min Read

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն ավելացել է: Պաշտոնական տվյալներով՝ ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա ընթացքում 14.2 տոկոսով աճել է՝ 2021 թվականի հետ համեմատ: Արձանագրենք նաեւ, որ մեկ տարվա ընթացքում առեւտրաշրջանառության ծավալներն են ավելացել 17 տոկոսով:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ ծառայությունների ծավալները առանց առեւտրի աճել են 28.2 տոկոսով: Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ արտահանման ծավալներն են 77.7 տոկոսով ավելացել, իսկ ներկրումը՝ 63.5 տոկոսով: Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը դեռ չի հասցրել «հպարտանալ» ՏԱՑ ցուցանիշներով: Ծանոթանալով այս թվերին՝ հարց է առաջանում՝ արդյոք մենք ապրում ենք երջանիկ, բայց տեղյակ չենք: Գուցե Վիճակագրական կոմիտեն թվանկարչությա՞մբ է զբաղվել:

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք համապատասխանում են հրապարակված ցուցանիշները մեր իրականությանը. «Համապատասխանում է, բայց պետք է ճշտել, թե որ իրականությանը: Տեսեք, թե այդ ակտիվություններն ինչի հետեւանք են՝ ռուս-ուկրաինական պատերազմի եւ դրանով պայմանավորված 300.000 ռելոկանտների ու նրանց փողերի ու գրանցած աշխատատեղերի ու ներդրումների, երկրորդը՝ սարսափելի մեծ, առասպելական 5 տրիլիոն 300 մլրդ դոլարի խաղադրույքների, օֆշորային, հիմնականում՝ կասկածելի ծագումնաբանությամբ փողերի ներհոսքի, եւ դա եւս պետք է ստուգաբանվի, պարզաբանվի:

Եթե Վիճակագրական կոմիտեն իսկապես ազգային է, ապա պետք է այդ ամբողջը բացված ներկայացնի՝ կոնկրետ որ կղզիների որ բանկերի որ հաշիվներից են հորդում Հայաստան այդ տրիլիոնները:

Եւ, այո, կարող է դառնալ 144 տոկոս էլ, բայց, ինչ, դա վիրտուալ, ըստ էության որեւիցե բան չտվող ակտիվություն է, ընդ որում՝ ոչ ՀՀ ռեզիդենտների. դա հիմնականում ոչ ռեզիդենտների ստեղծած, այսպես ասած, ալիքն է, որը ինչպես բարձրանում է, այնպես էլ կարող է շատ արագ իջնել»:

Տնտեսագետի խոսքով՝ աղքատությունը գրեթե 80 տոկոսով աճել է, իսկ բնակչության գերակշիռ մասը կյանքի որակի հետ կապված խնդիրներ ունի:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Կիսվեք այս հոդվածով