Մի շարք լրատվական կայքեր ներկայացնում են ԱՄՆ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի ադմինիստրացիայի աշխատակից Փոլ Քրեյգ Ռոբերթսի տեսակետն այն մասին, որ ԱՄՆ-ն կործանվելու է նավթադոլարների ժամանակաշրջանի ավարտի հետ միասին։ ԱՄՆ տնտեսությունում կառաջանան լուրջ խնդիրներ այն բանից հետո, երբ աշխարհը մասսայաբար հրաժարվի ԱՄՆ դոլարից։
Փոլ Քրեյգը նշում է, որ Սաուդյան Արաբիայի կառավարության ներկայացուցիչները բացահայտ կերպով հայտարարել են, որ թագավորության նավթի համար կարելի է վճարել նաև այլ արժույթներով։ Ռոնալդ Ռեյգանի ադմինիստրացիայի ներկայացուցչի կարծիքով սաուդիստների այս քայլը չափազանց բացասական ազդեցություն կունենա դոլարի գնի, ԱՄՆ-ում գնաճի և տոկոսադրույքների վրա։ Իհարկե, որևէ բան բացառել հնարավոր չէ, քանի որ աշխարհը մտել է այնպիսի վտանգավոր շրջան, որի ժամանակ ամեն ինչ կարելի է սպասել։ Սակայն, պետք է նշել, որ Սաուդիան Արաբիայի իշխանությունների այս հայտարարությունը չի նշանակում, որ երկրներն ընդհանրապես հրաժարվելու են դոլարով վճարումներ կատարելուց։ Բացի այդ՝ ԱՄՆ դոլարից ամբողջական ազատման գործընթացը կպահանջի երկար տարիներ։ Մյուս կողմից նավթի նկատմամբ պահանջարկ ունեցող ամենախոշոր տերությունը ԱՄՆ-ն է։ Եվ, վերջապես, սաուդիստները և ԱՄՆ-ն որոշակի ընդհանուր շահեր ունեն Մերձավոր Արևելքում՝ հաշվի առնելով այն վտանգը, որը նրանք տեսնում են Իրանի նման գերտերության մեջ։
Այնուամենայնիվ, կարծում ենք, որ ճիշտ կլինի անդրադառնալ ԱՄՆ մի շարք ցուցանիշներին, որոնք հիշատակվեցին Փոլ Քրեյգի կողմից։ Մասնավորապես, դոլարի գնին, որը չափվում է ԱՄՆ դոլարի ինդեքսի միջոցով։ Վերջինս իրենից ներկայացնում է ԱՄՆ դոլարի հարաբերակցությունը վեց այլ արժույթների զամբյուղի համեմատ։ Նկատենք, որ զամբյուղի մեջ ներառված են այնպիսի արժույթներ, ինչպիսիք են՝ եվրոն, ճապոնական իենը, ֆունտ ստերլինգը, կանադական դոլարը, շվեդական կրոնը և շվեյցարական ֆրանկը։
Կարելի է դիտարկել նաև ԱՄՆ-ի գնաճի և տնտեսական աճի ցուցանիշները․
Վիճակագրական տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ում 2022 թ.-ի 4-րդ եռամսյակում տնտեսական աճը կազմել է 1 %, որը նախորդ եռամսյակի համեմատ նվազել է 0,9 տոկոսային կետով։ Սակայն, այս անկումը հաջորդում է 2022 թ․-ի 3-րդ եռամսյակում՝ 2-րդ եռամսյակի համեմատ արձանագրված տնտեսական աճի մի փոքր արագացմանը։ Դրական է նաև գնաճի վիճակագրությունը։ Կարելի է փաստել, որ 2022 թ․-ի դեկտեմբերին գնաճը հասել է վերջին ամսիների նվազագույն մակարդակին՝ 6,5 %։ Այն պարագայում, երբ դեռևս 2022 թ․-ի հունիսին գնաճը մոտ էր 9,1 %-ին։ Եվ, վերջապես, 2023 թվականի հունվարին ԱՄՆ դոլարի ինդեքսը հաստատվել է 102,3 մակարդակում։ Այս ցուցանիշը որքան բարձր է, այնքան դոլարի գինն է բարձր։ Նկատենք, որ դոլարի ինդեսքը դեռևս 2022 թ․-ի սեպտեմբերին գտնվում էր 112,1 մակարդակում և դրանից հետո անընդհատ նվազման միտում է արձանագրվել։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում