2022թ․-ի սեպտեմբերից Հայաստանում նկատվում է գների նվազման միտում: Արդեն մի քանի իրար հաջորդող ամիսներին դիտվում է գնաճի տեմպերի դանդաղեցում, որը, անշուշտ, դրական ազդեցություն կարող է ունենալ տնտեսության տարբեր ոլորտների վրա:
Արդեն հրապարակվել է 2022թ․-ի դեկտեմբերին արձանագրված գնաճին վերաբերող վիճակագրությունը: 2022թ․-ի դեկտեմբերի գների մակարդակի փոփոխությունը 2021թ․-ի նույն ամսվա և 2022թ․-ի նոյեմբերի նկատմամբ կարող ենք վերլուծել հետևյալ գծապատկերի միջոցով.
Գծապատկեր 1. ՍԳԻ տոկոսային փոփոխությունը 2022թ․-ի դեկտեմբերին՝ 2021թ․-ի դեկտեմբերի և 2022թ․-ի նոյեմբերի համեմատ
Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2022թ․-ի դեկտեմբերին, 2021թ․-ի նույն ամսվա համեմատ, գներն աճել են 8,3%-ով, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 1,1%-ով։
Դիտարկենք գների մակարդակի փոփոխությունը 2022թ․-ի դեկտեմբերին 2021թ․-ի դեկտեմբերի և 2022թ․-ի նոյեմբերի համեմատ՝ ըստ տարբեր ապրանքախմբերի.
Գծապատկեր 2. ՍԳԻ տոկոսային փոփոխությունը 2022թ․-ի դեկտեմբերին 2021թ․-ի դեկտեմբերի և 2022թ․-ի նոյեմբերի համեմատ՝ ըստ հիմնական ապրանքախմբերի
Գծապատկեր 2-ից հետևում է, որ 2022թ․-ի դեկտեմբերին, 2021թ-ի նույն ամսվա համեմատ, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գների աճը կազմել է 10%, իսկ 2022թ․-ի նոյեմբերի համեմատ՝ 2,4%։ 2022թ-ի դեկտեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, գնաճը տնային գործունության առարկաների, կենցաղային տեխնիկայի և բնակարանի ընթացիկ սպասարկման ոլորտում կազմել է 13.1%, իսկ նոյեմբերի համեմատ՝ 0,7%։
2022թ․-ի դեկտեմբերին, 2021թ․-ի դեկտեմբերի համեմատ, գների զգալի աճ է առկա հանգստի և մշակույթի մասով՝ 9.8%։ Միևնույն ժամանակ նկատենք, որ հանգստի և մշակույթի ոլորտում գների աճը 2022թ․-ի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ կազմել է 0,7%։ Նկատելի է գնաճը ռեստորանների և հյուրանոցների ոլորտում. 2022թ․-ի դեկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գները աճել են 8.8%-ով, իսկ նոյեմբերի համեմատ առկա է եղել գների աճ 0,4%-ով: 2022թ․-ի դեկտեմբերին, 2021թ․-ի դեկտեմբերի համեմատ, նվազագույն գնաճ է արձանագրվել կապի ոլորտում՝ 0,6%-ով։ 2022թ․-ի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ կապի ոլորտում գների փոփոխություն չի արձանագրվել։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում