Հայաստանը, մի կողմ թողնելով կարևոր դիվանագիտական առաջնահերթությունները, առաջիկա օրերին զբաղված է լինելու օտարերկյա
նախագահներին և հյուրերին ընդունել-ճանապարհելով։
Հունվար 29-ին՝ կիրակի օրը, Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը Հայաստանում ընդունեց Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիին։ Անշուշտ, Հայաստանը ներկայիս բարդ իրավիճակում պետք է վարի բազմավեկտոր և հավասարակշռված դիվանագիտական քաղաքականություն (այլ ոչ թե փորձեր արվեն շեշտակի փոխել երկրի դիվանագիտական վեկտորները)։
Այս առումով Եգիպտոսի նախագահի այցելությունը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի։ Նախ և առաջ Եգիպտոսի նախագահn առաջին անգամ է այցելում Հայաստան։ Դրանով է պայմանավորված Եգիպտոսի նախագահի բավականին ջերմ ընդունելությունը։ Վերջինս այնքան հուզիչ էր, որ վարչապետը փաստեց, որ կիրակի օրը Երևանում տեղացած ձյունը Եգիպտոսի նախագահի պատվին էր։
Եգիպտոսն արաբական աշխարհի առանցքային պետություններից է և, ինչ-որ իմաստով, այդ երկրի քաղաքական աջակցությունը Հայաստանի համար կարևոր է։ Սակայն Եգիպտոսի տնտեսությունն իրականում նախանձելի վիճակում չէ։
Գծապատկեր 1․ Գնաճը Եգիպտոսում 2022թ․-ի մայիս-դեկտեմբեր ամիսներին
Վիճակագրական տվյալները փաստում են, որ 2022թ․-ի օգոտսոսից գնաճը Եգիպտոսում չափազանց արագացել է՝ 2022թ․-ի դեկտեմբերին հասնելով 21,9% մակարդակին։ Գնաճի նման արագացումն էական վնաս է հասցնում եգիպտական տնտեսությանը՝ երկրում մեծացնելով սոցիալական լարվածությունը։ Երկրում արձանագրված աննախադեպ գնաճին զուգահեռ դիտվում է տնտեսության ռեցեսիա․
Գծապատկեր 2․ Եգիպտոսի տնտեսական աճի դինամիկան՝ 2020թ․-ի երրորդ եռամսյակից 2022թ․-ի երկրորդ եռամսյակը ընկած ժամանակահատվածում
Ինչպես նկատում ենք գծապատկեր 2-ում, արդեն 4 եռամսյակ է՝ Եգիպտոսի տնտեսությունն անկում է արձանագրում։ Մասնավորապես, 2021թ․-ի երրորդ եռամսյակում տնտեսական աճը երկրում կազմում էր 9,8%, 2021թ․-ի չորրորդ եռամսյակում՝ 8,3%, 2022թ․-ի առաջին եռամսյակում՝ 5,4%, իսկ 2022թ․-ի երկրորդ եռամսյակում՝ 3,3%։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում