Ֆերմայում հայտնաբերված վան Դեյքի հազվագյուտ էտյուդը աճուրդում վաճառվել է ավելի քան 3 մլն դոլարով

1 Min Read

Նյու Յորքի Քինդերհուկ քաղաքի ֆերմայում հայտնաբերված էտյուդը, որն ինչպես պարզվել է, պատկանել է նկարիչ Անտոնիս վան Դեյքի (1599-1641) վրձնին, աճուրդում վաճառվել է ավելի քան 3 մլն դոլարով: Այս մասին հայտնում է CNN-ը:

Նկարում պատկերված է աթոռի վրա նստած մերկ տարեց տղամարդ։ Աշխատանքը ֆլամանդացի վարպետի՝ «Սուրբ Ջերոմը հրեշտակի հետ» կոչվող ավելի ուշ արված նկարի էտյուդն է, որը պահվում է Ռոտերդամի Բոյմանս-վան Բեյնինգենի թանգարանում։

Նկարը եզակի է դարձնում այն, որ դա երկու խոշոր էսքիզներից մեկն է, որը վան Դեյքը նկարել է կենդանի մոդելներից 1615-1618 թվականներին, երբ նա դեռ երիտասարդ նկարիչ էր, ով աշխատում էր Անտվերպենում՝ Պիտեր Պաուլ Ռուբենսի հետ միասին։

Նշվում է, որ աշխատանքը հայտնաբերվել է 20-րդ դարի վերջին Նյու Յորքի Քինդերհուկ քաղաքի ֆերմայում գտնվող գոմում։ Կտավը՝ 2002 թվականին 600 դոլարով գնել էր կոլեկցիոներ Ալբերտ Ռոբերտսը։ 2019 թվականին փորձագետները հաստատեցին, որ վան Դեյքը նկարել է էտյուդը «Սուրբ Ջերոմ» (1618-1620) նկարի վրա աշխատելիս։ ԱՄՆ-ում նկարը հայտնվել է հոլանդացի ներգաղթյալների ձեռքով։

Share This Article
Թողնել մեկնաբանություն