Հայաստանի տնտեսության համար կարևոր նշանակություն ունեն տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող կազմակերպությունները, որոնք վճարում են հարկեր և միևնույն ժամանակ աշխատանքով ապահովում հազարավոր մարդկանց։ Այս կազմակերպությունների թվաքանակի աճը հանգեցնում է ավելի երկարաժամկետ տնտեսական արդյունքների: Ուստի պետք է ուսումնասիրվեն դրանց գործունեության բոլոր փուլերը, որի արդյուքնում վեր կհանվեն այն բոլոր խոչընդոտները, որոնք առկա են, և կորոշվեն դրանց լուծման ճանապարհները։
Նման խնդիրներից են ոչ ֆինանսական առևտրային կազմակերպությունների դեբիտորական պարտքերը, որոնց ծավալների 2%-ը 2022թ․-ի սեպտեմբերի վերջի դրությամբ պատկանում է ժամկետանց դեբիտորական պարտքերին։ Ուսումնասիրենք դեբիտորական պարտքերի կառուցվածքը 2022թ․-ի տարեսկզբի և սեպտեմբեր ամսվա վերջի դրությամբ․
Գծապատկեր 1․ Դեբիտորական պարտքերի ծավալների կառուցվածքը 2022թ․-ի տարեսկզբին և սեպտեմբերի վերջի դրությամբ
Գծապատկեր 1-ից նկատում ենք, որ 2022թ․-ի սկզբին դեբիտորական պարտքի 1,063,390 մլն դրամ, և սեպտեմբերի վերջի դրությամբ 1,263,423 մլն դրամ ընդհանուր ծավալների համապատասխանաբար 61,5%-ը և 60,4%-ը պատկանում է վաճառքների գծով պարտքերին, 21%-ը և 24%-ը՝ տրված ընթացիկ կանխավճարներին, 6,1%-ը և 6,2%-ը՝ բյուջեի գծով դեբիտորական պարտքերին և 11,5%-ը ու 9,5%-ը՝ այլ դեբիտորական պարտքերին։ Նկատենք, որ 2022թ․-ի սեպտեմբերի վերջին տարվա սկզբի համեմատ դեբիտորական պարտքի ծավալներն աճել են մոտ 19%-ով։
Մյուս կողմից դիտարկենք ժամկետանց դեբիտորական պարտքերի կառուցվածքը․
Գծապատկեր 2․ Ժամկետանց դեբիտորական պարտքերի կառուցվածքը 2022թ․-ի տարեսկզբին և սեպտեմբերի վերջին
Համաձայն ՎԿ տվյալների՝ 2022թ․-ի տարեսկզբին ժամկետանց դեբիտորական պարտքի 20,971․2 մլն դրամ, և սեպտեմբերի վերջի դրությամբ 21,337 մլն դրամ ընդհանուր ծավալների համապատասխանաբար 93,8%-ը և 94․3%-ը պատկանում է վաճառքների գծով պարտքերին, 1,9%-ը և 1,8%-ը՝ տրված ընթացիկ կանխավճարներին և 4,3%-ը ու 3,9%-ը՝ այլ դեբիտորական պարտքերին։
Վաճառքների գծով ժամկետանց դեբիտորական պարտքերի այսպիսի մեծ ծավալները, որոնք 2022թ․-ի սեպտեմբերի վերջին տարեսկզբի նկատմամբ աճել են 2%-ով, բավականին մտահոգիչ են և անհրաժեշտ է ուսումնասիրել դրա գոյացման պատճառները։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում