Վերջին տարիներին աշխարհում նկատվող փոփոխությունները սկսել են ավելի անհանգստացնել մարդկանց։ Մասնավորապես, այս անհանգստությունների ձևավորմանը նպաստեց թագավարակը, որը հազարավոր մարդկանց կյանքեր խլեց աշխարհով մեկ։ Հաջորդ բոթը ներկայումս ընթացող ուկրաինական ճգնաժամն է, որը ցանկացած պահի կարող է վերածվել Համաշխարհային պատերազմի։
Նման զարգացումները հատկապես բացասաբար են ազդում համաշխարհային տնտեսության վրա։ Այս համատեքստում տարբեր փորձագետներ կարծիք են հայտնում, որ աշխարհի խոշորագույն ֆոնդային բորսաները վաղ թե ուշ բախվելու են ճգնաժամի։

Սակայն, փորձ է արվել մի կողմ դնել փորձագետների իրարամերժ կանխատեսումները և ուղղակիորեն մարդկանց հարցնել, թե ինչ են մտածում իրենք հնարավոր խոշորագույն ֆոնդային բորսաներում ճգնաժամի վերաբերյալ։ Այդ նպատակով հարցում է իրականացվել 36 երկրի 20 հազարից ավելի չափահաս բնակչության շրջանում։ Արդյունքում ունենք հետևյալ պատկերը․
Գծապատկեր 1. Մարդկանց կարծիքը աշխարհի խոշոր ֆոնդային բորսաներում ճգնաժամի հավանականության մասին
Իրականացված հարցումների տվյալները մշակելուց հետո, պարզ է դառնում, որ աշխարհի առանցքային ֆոնդային բորսաներում ճգնաժամը հավանական է համարում հարցվածների 50 %-ը, իսկ 31%-ը գտնում է, որ նման զարգացումները քիչ հավանական են։ Դիտարկենք պատասխանները ըստ տարբեր երկրների.
Գծապատկեր 2. Գլոբալ ֆոնդային բորսաներում հնարավոր ճգնաժամի հավանականության վերաբերյալ տրված պատասխանները ըստ երկրների
Աշխարհի առանցքային ֆոնդային բորսաներում ճգնաժամի բարձր հավանականության են տեսնում Մալայզիայում, Լեհաստանում և ՀԱՀ-ում՝ համապատասխանաբար հարցվածների 71 %-ը, 66 %-ը և 63%-ը։
Ավելի լավատեսական են պատկերացումները Չինաստանում, Հունգարիայում և Իսրայելում։ Մասնավորապես, Չինաստանում հարցվածների 50%—ը կարծում է, որ գլոբալ ֆոնդային բորսաներում ճգնաժամի հավանականություն չկա։ Նման կարծիքի են Հունգարիայում և Իսրայելում հարցվածների 47%-ը և 42%-ը։
Ամփոփելով ստացված արդյունքները՝ ընդհանուր առմամբ կարող ենք փաստել, որ աշխարհում գերակշռում են բացասական տրամադրությունները։ Այս պայմաններում պետությունները, բիզնես շրջանակները և տնային տնտեսությունները իրենց վարքագիծը փորձում են կառուցել ձևավորված անհանգստացնող միջավայրում, որն Էլ ավելի է բարձրացնում գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի հավանականությունը։