Արցախի շրջափակման հետևանքով հարկային եկամուտները կտրուկ կնվազեն

3 Min Read
Հեղինակ՝ Մարիա Մանուչարյան, Արցախի պետական համալսարանի մագիստրատուրա, 2-րդ կուրս

 «Արցախի շրջափակման ընթացքում ի հայտ եկած տնտեսական խնդիրները և դրանց լուծման ուղիները». հոդված 7


ԱՀ անկախացումից ի վեր տնտեսությունը սկսեց կարգավորվել և զարգանալ։ Արդեն 2017թ ԱՀ-ում արձանագրվեց աննախադեպ տնտեսական աճ՝ 15,6%, նման աճ ապահովվեց հանքարդյունաբերության հաշվին։ Վիճակագրական հրապարակումների համաձայն հանքարդյունաբերության, շինարարության, գյուղատնտեսության տեսակարար կշիռները ՀՆԱ-ում կազմում էին համապատասխանաբար՝ 21%, 10%, 6%։ Պատերազմի հետևանքում կորցնելով ենթակառուցվածքներ, գյուղատնտեսական նշանակության հողեր և տնտեսական նշանակության օբյեկտներ, ԱՀ-ում գրանցվեց 22,4% տնտեսական անկում։ 2020թ-ից տնտեսությունը փորձում է որոշակիորեն կարգավորվել, սակայն 2022 թվականի դեկտեմբերի 12-ին Արցախի շրջափակումը վերականգնվող տնտեսությանը մեծ վնասներ, և Արցախի 120 000 բնակչություն հայտնվեց շրջափակման մեջ։ Դեկտեմբերի 12-ից դադարեցվեց ապրանքների (սնունդ, տնտեսական ապրանքներ, դեղամիջոցներ, վառելիք, շինանյութ և այլն) ներկրումը Արցախ, մինչ շրջափակումը Արցախ էր ներկրվում օրական շուրջ 400տ բեռ։ Այս ամենը հարված հասցրեց տնտեսության բոլոր ճյուղերին, ընդհուպ մինչև գյուղատնտեսություն։ Հետպատերազմյան իրավիճակում Արցախում մեծ թափ էր առել շինարարությունը, և այժմ մեծ մասը դեռ անավարտ է։ Շինանյութի անբավարարության պատճառով ընկերությունները դադարեցրել են գործունեությունը։ 

Ներմուծվող ապրանքների բացակայության պայմաններում տեղական արտադրանքի նկատմամբ պահանջարկը կտրուկ աճել է։ Տեղական արտադրողները, չունենալով ներկայիս պահանջարկին համապատասխան արտադրական հումք և փաթեթավորման նյութեր, կրճատում են ապրանքատեսականին։ Մասնավորապես՝ սննդի արտադրության ոլորտում առկա է մեկանգամյա օգտագործման տարաների դեֆիցիտ։ Մեծ պահանջարկի պայմաններում, ցավոք, նվազում է առաջարկը, հետևաբար նվազում են հարկային մուտքերը, ինչը ապահովում է պետական բյուջեի եկամուտների հիմնական մասը։ 

Առևտրի ոլորտում առկա տնտեսավարող սուբյեկտների շուրջ 70%-ը ապրանքները ներմուծում էր ՀՀ-ից։ Շրջափակումը հատկապես մեծ հարված հասցրեց միրգ-բանջարեղենների առևտրով զբաղվող տնտեսավարող սուբյեկտներին, նշված առևտրով զբաղվողները իրացվող ապրանքի 70% ձեռք էին բերում ՀՀ-ից։ Շուկայում ապրանքների բացակայության պայմաններում ակտիվանում է գնաճը, չնայած պետական մարմինների կողմից վերահսկվում են գնային տատանումները։

Գյուղատնտեսության ոլորտում սերմերի բացակայության, վառելիքի սղության պատճառով հետաձգվում են գյուղատնտեսական աշխատանքները։ Շրջափակման յուրաքանչյուր օր խիստ բացասական է ազդում գյուղանտնեսական ցանքատարածությունների աշխատանքների վրա, նման պայմաններում հաջորդ տարի ԱՀ-ն կունենա ավելի պակաս գյուղատնտեսական արտադրանք, քան նախորդ տարի էր։

Շրջափակման տնտեսական հետևանքերը պաշտոնական տվյալներով 1 ամսվա ընթացքում տնտեսավարող սուբյեկտների մոտ 20%-ը դադարեցրել է գործունեությունը, շուրջ 4100 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը։ Մեկ ամսվա ընթացքում ԱՀ չի ներմուծվել ավելի քան 14400 տոննա կենսական նշանակության ապրանք։ 1 ամսվա ընթացքում հարկային եկամուտները շուրջ 10 մլրդ դրամով կնվազեն։ ՀՆԱ-ն, պատերազմից հետո դեռ չվերականգնված, կրում է ահռելի վնասներ։

Այդ ամենի հետ մեկտեղ, կարևոր է նաև մարդկային ռեսուրսները, որը կանգնած է որակի և մրցունակության նվազման ռիսկի առջև։ Պետական և մասնավոր հատվածի աշխատողների մի զգալի մասը պարապուրդի մեջ է կամ աշխատում է կրճատված ժամային գրաֆիկով։

Շրջափակման տնտեսական հետևանքները դիտարկելով՝ այս պայմաններում անհրաժեշտ է կատարել տնտեսության ճյուղերի խորքային գնահատում և նախաձեռնել արտադրաթյան ոլորտը ընդլայնելու ծրագրեր։ Միաժամանակ պետք է բարելավել պարենային անվտանգության վիճակը։ Զրկված լինելով ապրանքների ներկրումից՝ հնարավորություն է ստեղծվել տեղական արտադրության ծավալների ավելացման համար։ Տեղական արտադրանքի նկատմամբ պահաջարկ կշարունակվի բարձր մնալ՝ հաշվի առնելով, որ ապագայում ևս հնարավոր է շրջափակումներ լինեն։

Share This Article
Թողնել մեկնաբանություն