Միջազգային հանցավոր խումբը Վրաստանի միջոցով փորձել է օրինականացնել ավելի քան 100 միլիոն դոլար, հայտնել են դատախազությունից։ Հայտնում է Newsgeorgia-ն։
Հետաքննության ընթացքում, որն անցկացվել է միաժամանակ մի քանի երկրներում, պարզվել է, որ գումարը ստացվել է արտասահմանում խարդախության, կիբերխարդախության և փաստաթղթերի կեղծման արդյունքում։
Վրաստանում քրեական գործ է հարուցվել 3 անձի և 13 ընկերության նկատմամբ։ Հետաքննության տվյալներով՝ մեղադրյալները գումար են փոխանցել Վրաստան և մի շարք բանկային գործարքներ կատարել ընկերությունների միջև՝ գումարի ծագումը թաքցնելու նպատակով, այնուհետև դրանք ներդրել անշարժ գույքի շուկայում։
Հայտնի է, որ ամբաստանյալների թվում կա Վրաստանի առնվազն մեկ քաղաքացի, մյուսների քաղաքացիությունը չի նշվում։
Դատարանը կալանք է դրել շուրջ 70 մլն դոլարի, 1,760 մլն եվրոյի և ձերբակալվածների անշարժ գույքի վրա, այդ թվում՝ Քոբուլեթիում 21 հազար քառակուսի մետր մակերեսով հողատարածքի, որը ձեռք է բերվել 11 մլն լարիով:
Մեղադրյալ ֆիզիկական անձանց սպառնում է 7-12 տարվա ազատազրկում ՝ առանձնապես խոշոր չափերով ապօրինի եկամուտներն օրինականացնելու հոդվածով։
Գործով ներգրավված իրավաբանական անձանց ահռելի տուգանքներ ու գործունեության իրավունքից զրկում է սպառնում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում