Դուբայում բացվել է աշխարհի ամենաթանկ հյուրանոցը` Atlantis The Royal-ը։
Մինչ փետրվարի 10-ին կայանալիք պաշտոնական բացումը՝ Atlantis The Royal-ը կազմակերպել է եռօրյա հսկա մեկնարկային միջոցառում՝ աստղային հյուրերով։
Բացմանը հնարավոր է եղել ներկա լինել միայն հատուկ հրավերով, բացի այդ՝ ողջ ընթացքում խստորեն պահպանվել են հեռախոսից օգտվելու կանոններ՝ նյութեր չհրապարակելու պայմանով: Ըստ տեղեկությունների՝ հրավիրվել է շուրջ 1500 մարդ։
Բացման արարողությանը ելույթ է ունեցել Բիյոնսեն` հինգ տարի դադարից հետո: Ըստ BBC-ի՝ երգչուհին այդ ելույթի համար ստացել է 24 միլիոն դոլար:
Հյուրանոցի շինարարության վրա ծախսվել է մետ 1,4 միլիարդ դոլար։ Այն ներառում է գեղեցիկ տեսարաններով սենյակներ, անձնական լողավազաններ, ճաշելու տարբեր սրահներ՝ ներառյալ 8 հայտնի խոհարարների սրահները, և որոշ հետաքրքիր տեսարժան վայրեր՝ այդ թվում աշխարհի ամենամեծ ջրաշխարհը՝ Atlantis Aquaventure-ը:
Հյուրանոցն ունի նաև թագավորական համար, որտեղ այժմ իջևանել են Բիյոնսեն և նրա ընտանիքը։ Այն արժե 80 000 ֆունտ ստեռլինգ՝ մեկ գիշերվա համար և ունի 4 ընդարձակ սենյակ, կինոթատրոն, սեփական լողավազան: Լրացուցիչ տարածքի անհրաժեշտության դեպքում, առանձնատունը կարող է ընդարձակվել մինչև 15 սենյակ՝ մեկ գիշերը 160,000 ֆունտ ստեռլինգ արժեքով:
Իսկ հյուրանոցի ամենաէժան համարը մեկ գիշերվա համար արժե 1000 ֆունտ ստեռլինգ:
Հյուրանոցի ծառայությունը ներառում է անձնական սպասավորի տրամադրում: Առաջարկվում են նաև մաքուր ոսկով պատված ատամի խոզանակներ, ածելիներ և սանրեր: Հյուրանոցի ներսում գտնվող խանութներում կվաճառվեն Պիկասոյի կտավները:
Atlantis Dubai-ի գործադիր տնօրեն Թիմ Քելլին ավելի վաղ արված հայտարարությունում նշել է․ «Վերջապես եկել է պահը, որպեսզի ներկայացնենք Atlantis The Royal-ը՝ որպես աշխարհի ամենաճոխ ժամանցավայր: Նման հանգստավայրերի բացումը տեղի է ունենում տասնամյակի ընթացքում միայն մեկ կամ երկու անգամ»։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում