
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ նախարարությունում
տեղի է ունեցել ՀՀ մարզպետների մասնակցությամբ խորհրդակցություն։
Խորհրդակցության օրակարգում ընդգրկված է եղել տասը հարց։

Նախարարին է զեկուցվել «Տարածքային կառավարման մասին» օրենքում կատարված փոփոխությունների, ինչպես նաև ՀՀ մարզպետների աշխատակազմերի կանոնադրությունների, կառուցվածքի և դրանցից բխող աշխատանքների վերաբերյալ հարցերը։ Նախարարի կողմից ներկայացվել է կառուցվածքային փոփոխության իրականացման գործընթացի քայլերի հաջորդականությունը։

Զեկուցվել է նաև
2022 թվականին իրականացված ՀՀ համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի վերլուծությունն ու
2023 թվականի սուբվենցիոն հայտերի ընդունման գործընթացը։
2023 թվականի համար արդեն իսկ ստացվել է
447 հայտ, 112 մլրդ նախնական ընդհանուր բյուջեով։ Ներկայացվել է նաև սուբվենցիաների մշտադիտարկման արդյունքները, արձանագրված թերությունները։

Նախարարը հանձնարարել է խիստ վերահսկողություն սահմանել սուբվենցիոն ծրագրերի պատշաճ կատարման ուղղությամբ, չընդունել և չվճարել որևէ աշխատանք, որն իրականացվել է թերություններով։

Քննարկվել է նաև ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված
300 դպրոցի և
500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման և հիմնանորոգման միջոցառման ապահովման հետ կապված համակարգված աշխատանքի վերաբերյալ հարցեր։

Խորհրդակցության ժամանակ իրականացվել է ՏԿԵ նախարարության
2022 թվականի կատարողականի, համայնքների սեփական եկամուտների հավաքագրման վերլուծություն։
2022 թվականին ՀՀ մարզերի համայնքների եկամուտների հավաքագրումը փաստացի աճել է նախորդ՝
2021 թվականի համեմատ։
2022 թվականին փաստացի հավաքագրման աճը կազմել է
8 մլրդ 036 մլն, առանց Երևան քաղաքի՝
3 մլրդ 567 մլն, որը նախորդ տարվա համեմատ
13 տոկոսով ավել է։

Քննարկվել է նաև համայնքների միջնաժամկետ ծախսերի ծրագրով (ՄԺԾԾ) նախատեսված անելիքները։ Գրեթե բոլոր համայնքներն արդեն իսկ հաստատել են
2023-2025 թվականների համար ՄԺԾԾ-ն։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում