Արձանագրված հանցագործությունները՝ ըստ ծանրության աստիճանների. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

2 Min Read

Աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները նպաստում են հանցագործությունների թվաքանակի աճին։ Դրա մասին են վկայում 2022 թ․-ի տվյալները։ Աշխարհում հանցագործությունների թվաքանակով առաջին 3 հորիզոնականներում են հայտնվել՝ Վենեսուելան, Պապուա Նոր Գվինեան և ՀԱՀ-ն։ Այս երկրներում 100,000 մարդու հաշվով արձանագրվում է համապատասխանաբար 84, 81 և 77 հանցագործություն։

Իհարկե, Հայաստանում արձանագրված հանցագործությունների թվաքանակը չի հասնում այս երկրների մակարդակին, սակայն մեզ մոտ ևս արձանագրվում է հանցագործության թվաքանակի աճ: 2022 թվականի հունվար-նոյեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հանցագործությունների թիվն աճել է 23 %-ով՝ կազմելով 33,282 միավոր։ Վերջինիս 56 %ոչ մեծ ծանրության, 28 %-ը՝ միջին ծանրության, 13 %-ը՝ ծանր և 3 %-ը՝ առանձնապես ծանր հանցագործություններն են։

Հետաքրքիրն այն է, որ 2022 թվականի հունվար-նոյեմբերին, 2021 թ․-ի նույն ժամանակահատվածի համեմատ, առանձնապես ծանր հանցագործությունների թվաքանակն ավելացել է 181 %-ով։ Այս միտումը վտանգավոր է և վերահսկողության կարիք ունի։

Հաջորդիվ ուսումնասիրենք հանցագործությունների թվաքանակի կառուցվածքը՝ ըստ հանցագործության տարբեր տեսակների.

Գծապատկեր 1․ Հայաստանում արձանագրված հանցագործությունների թվաքանակի կառուցվածքը՝ 2022 թ․-ի հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում

Իրականացված հաշվարկների համաձայն՝ հանրապետությունում արձանագրված հանցագործության 31.4 %-ը վերաբերում է անձնական գույքի հափշտակությանը։

Երկրորդ տեղում են հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված այլ հանցագործությունները։

Երրորդ հորիզոնականում են մարդու դեմ ուղղված այլ հանցագործությունները։

Նկատենք, որ հանցագործությունների թվաքանակում նկատելի մասնաբաժին ունեն նաև թմրամիջոցների հետ կապված հանցագործությունները՝ 5,7 %, ինչպես նաև ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը։

Վերջում հավելենք, որ այս հանցագործներին պատժելը չի լուծի բուն խնդիրը։ Անհրաժեշտ է գտնել այն որոշիչ գործոնները, որոնք հանգեցնում են երկրում հանցագործությունների աճին։ Անշուշտ, բնակչության արտաքին և ներքին անվտանգության ապահովումը յուրաքանչյուր պետության կարևորագույն խնդիրներից է։

 

 

Կիսվեք այս հոդվածով