Երկրում տեղի ունեցող զարգացումները բավականին անհանգստացնող են: Իրավիճակը շարունակում է է’լ ավելի լարվել, քանի որ մարդիկ շարունակում են ապրել բարձր անորոշության պայմաններում։ Կարելի է ասել` հայտնվել ենք տեղեկատվական ահաբեկչության կենտրոնում և չենք կարողանում ճշգրիտ գնահատել երկրի ներսում և երկրից դուրս կատարվող իրադարձությունները։
Այս ամենը պարարտ հող է պատրաստում հասարակության տարբեր շերտերում վարքագծի էական փոփոխությունների համար։ Դա, իհարկե, արտահայտվում է նաև երկրում արձանագրված հանցագործությունների թվաքանակում։

Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2022թ․-ի հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է 33,282 միավոր հանցագործություն։ Վերջինս 2021թ․-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 23%-ով։
2022թ․-ի հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում արձանագրված հանցագործությունների թվաքանակը Երևանի և ՀՀ մարզերի միջև բաշխվել է հետևյալ կերպ․
Գծապատկեր 1․ Հանցագործությունների թվաքանակի բաշխումը Երևանի և ՀՀ մարզերի միջև` 2022թ․-ի հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում
Գծապատկեր 1-ում պարզ երևում է, որ արձանագրված հանցագործությունների 56%-ը դիտվել է Երևանում, իսկ 44 %-ը՝ ՀՀ մարզերում։ Ընդ որում՝ Երևանում հանցագործությունների թիվը 2021թ․-ի հունվար-նոյեմբերի համեմատ աճել է 27%-ով, իսկ ՀՀ մարզրեւոմ՝ 18%-ով։
Հաջորդիվ ուսումնասիրենք մարզերում արձանագրված հանցագործությունների թվաքանակի (14,744 միավոր) բաշխումը մարզերի միջև` 2022թ․-ի հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում․
Գծապատկեր 2․ ՀՀ մարզերում արձանագրված հանցագործությունների թվաքանակի բաշխումը ՀՀ մարզերի միջև` 2022թ.-ի հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում
Կատարված հաշվարկները ցույց են տալիս, որ առաջին հորիզոնականում են Կոտայքի և Լոռու մարզերը՝ 16% մասնաբաժնով։
Երկրորդ հորիզոնականում են Արարատի և Արմավիրի մարզերը՝ 14% ցուցանիշով։
Երրորդ տեղում է Շիրակի մարզը՝ 11% մասնաբաժնով։
2022թ.-ի հունվար-նոյեմբերին, 2021թ․-ի նույն ժամանակահատվածի համեմատ, հանցագործությունների թվաքանակի առավելագույն աճ՝ 37%-ով, արձանագրվել է Արագածոտնի, իսկ անկում դիտվել է Տավուշի մարզում՝ 2%-ով։