ՀՀ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալների դինամիկան. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

2 Min Read

ՀՀ արդյունաբերությունը շարունակում է իր ընթացքը նույնիսկ ներկայիս բարդ ներքին և արտաքին իրավիճակում: Հայկական արտադրանքը պահանջված է ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրանից դուրս: Չնայած միջազգային կատաղի մրցակցությանը՝ մեր երկիրը որոշ ապրանքախմբերի գծով կարողանում է արտահանել և ստացված միջոցներով ապահովել ոլորտի հետագա զարգացումը: Տնտեսության շարժի մասին պատկերացումներ կազմելու համար շատ կարևոր է ուշադրություն դարձնել արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալների փոփոխությանը, ինչպես նախորդ տարվա, այնպես էլ տվյալ տարվա նախորդ ժամանակահատվածի համար:

ՀՀ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալները 2022 թ․-ի հունվար-նոյեմբերին, 2021 թ․-ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են 8.4 %-ով: Միևնույն ժամանակ, 2022 թ․-ի նոյեմբերին 2021 թ․-ի նոյեմբերի համեմատ արձանագրվել է անկում 2.3 %-ով:

Արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալների դինամիկային առավել մանրամասնորեն կարելի է ծանոթանալ ստորև.

Գծապատկեր 1. Արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալների դինամիկան` 2022 թ․-ի հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում

2022 թ․-ի նոյեմբերին արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալները կազմել են 254,593 մլն դրամ, որը 2.3 %-ով նվազել է 2021 թ․-ի նույն ամսվա մակարդակի, և 1.8 %-ով աճել՝ նախորդ ամսվա մակարդակի համեմատ: Ուշադիր նայելով Գծապատկեր 1-ին` կնկատենք, որ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալների անկում դիտվել է նաև 2022 թ․-ի մարտին 2021 թ․-ի մարտի համեմատ՝ 6.4 %-ով:

Արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալների առավելագույն աճ՝ 23.3 %, դիտվել է 2022 թ․-ի օգոստոսին` 2021 թ․-ի նույն ամսվա համեմատ: Միևնույն ժամանակ, 2022 թ․-ի հունիսին, նախորդ ամսվա համեմատ, արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալների աճը կազմել է 17.1 %:

Դիտարկենք 2022 թ․-ի նոյեմբերին 2021 թ․-ի նույն ամսվա համեմատ արդյունաբերության ոլորտի համապատասխան ճյուղերում համախառն արտադրանքի ծավալների փոփոխությունը.

Գծապատկեր 2. Արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալների դինամիկան 2022 թ․-ի հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում

Անկում արձանագրվել է մշակող արդյունաբերությունում և էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտում, համապատասխանաբար՝ 3.9 %-ով,  և 3.6 %-ով: Առավելագույն աճ դիտվել է ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում ոլորտում՝ 7.4 %-ով:

 

Կիսվեք այս հոդվածով